կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-27 07:28
Իրավական

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ավտոերթ իրականացրած շուրջ 120 մեքենայի վարորդի տարել են բաժին

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ավտոերթ իրականացրած  շուրջ 120 մեքենայի վարորդի  տարել են բաժին

Երեկ երեկոյան Մաշտոցի պողոտայից շուրջ 120 մեքենա է տարվել ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդներին հրավիրել են ոստիկանության Կենտրոնականի բաժին` բացատրություն տալու։ Այս մասին քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հայտնեց մի տաքսու վարորդ։  

Նրա խոսքով՝  երեկ տարբեր մեքենաների վարորդներ ազդանշանների միջոցով իրենց աջակցությունն են հայտնել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիներին։

«Տաքսի, «ԳԱԶել», մոտոցիկլետ՝ մոտ 120 մեքենա, որոնց մեջ կային կանայք և անչափահասներ, գիշերվա ժամը 12-ից տարել են ոստիկանական բաժանմունք և մեզ սոված-ծարավ պահել են: Մեզ չլում էին՝ ուղարկում էին ՃՈ, էնտեղից մեզ ասում էին՝ մենք մեղավոր չենք, դիմեք բաժին»,- ասաց նա։

Վարորդը  պատմեց, որ երեկ իր մեքենան է նստել մի ոստիկան և ասել՝ կտանե՞ս ինձ Կենտրոնի ոստիկանություն։ «Ասում եմ` հաճույքով, նստում ա ՝ ներկայանում ա որպես քրեականի աշխատակից և ասում ա, որ ինձ հրավիրում են բաժին, դեպք է պատահել և որ բոլոր «Օպել»-ները հավաքում են: Բայց գնում ենք, պարզվում ա՝ սիգնալ ենք տվել, բնակիչների անդորրը խանգարել ենք, բայց այդ կերպ մենք մեր աջակցությունն ենք հայտնել հոսանքի թանկացման դեմ բողոքողներին»,- ասաց նա:

Պատգամավորին դիմած քաղաքացիներից մեկը հայտնեց, որ իրեն պատճառաբանել են, թե հրահանգը Երևան քաղաքի վարչության պետի կողմից է տրվել։ Նրանց խոսքով՝ իրենցից ոմանք այս օրերին մասնակցել են ակցիաներին, ոմանք՝ ոչ։ «Որ մի` իրան հարգող հայը ժողովրդի կողքին չի, մենք մեր ազգի հետ ենք` մեկը` օպերայի տարածքում, մեկը՝ էստեղ»,- ասաց քաղաքացին:

Վարորդները հայտնեցին, որ մինչև հիմա իրենց մեքենաները գտնվում են տուգանային հրապարակում։ «Ոտքով եկել ենք ԳԱԻ-ից, մեզ անգամ տրանսպորտ չեն տվել, ոչ մի բան չեն արձանագրել , ասում են` ոչ աշխատանքային օր ա, երկուշաբթի կգաք, կտանեք»:

Փաշինյանն առաջարկեց ցուցակագրել վարորդներիին ու մեքենաների պետհամարանիշները և հարցը պարզել։

Պատգամավորը ոստիկաններին հայտնեց, որ ցանկանում է զրուցել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ, սակայն նրան հայտնեցին, որ նա այս պահին տարածքում չէ: