Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հունիսի 12-ին ԱԺ-ում կայանալիք` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ լսումներին, նշեց, որ հնարավոր է` 6,93 դրամ սակագինը վերջնական չլինի:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6.93 դրամով` ցերեկը դարձնելով 48.78 դրամ/կՎտժ, իսկ գիշերը՝ 37.28 դրամ/կՎտժ:
«Քանի ամիս է արդեն` հանձնաժողովն աշխատում է: Իրենք իրենց տվյալներով ասում են` ուսումնասիրությունների արդյունքում` ոչ թե 17 դրամ պետք է թանկանա, այլ 6,93: Սա նախնական ուսումնասիրությունների արդյունք է, նախագծի նման է: Հիմա, եթե լսումների ընթացքում լինեն նոր փաստարկներ, դրանք հանձնաժողովի կողմից կուսումնասիրվեն: Հանձնաժողովի վերջնական նիստը դեռ պետք է կայանա ամսի 17-ին: Դրա համար նրանք պարտավոր են պարզապես ինչ-որ բան հայտարարել, որպեսզի հանրությունը իմանա, թե լսումների ժամանակ ինչ շրջանակներում կարող է լինել խոսակցությունը»,- ասաց Բաղդասարյանը` հավելելով. «Այսինքն` իրենք իրենց նախնական կարծիքն են հայտնել` ուսումնասիրությունների արդյունքում: Եթե լինեն նոր փաստեր, նոր հիմնավորումներ, բնականաբար, հանձնաժողովը քննարկման առարկա կդարձնի այդ փաստերն ու հիմնավորումները, որից հետո նոր իր եզրահանգումը կանի»:
Ըստ պատգամավորի` եթե որևէ գին չհայտարարվեր և լսումներ արվեին, այդ ժամանակ անհասկանալի կլիներ` ինչ շրջանակների մասին է խոսքը: «Հիմա արդեն լսումների ժամանակ բոլոր քաղաքական ուժերը և մասնագետները գիտեն` խոսքն ինչի մասին է: Այստեղ քննարկումն ավելի բուռն կլինի»,- նշեց Բաղդասարյանը:
Մեր այն դիտարկմանը, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանն անձամբ հաստատել է, որ էլեկտրաէներգիան թանկանալու է 6,93 դրամով, նա պատասխանեց. «Հանձնաժողովը նախնական կարծիք է տվել, կառավարությունը նույնպես հիմք է ընդունում դա և ասում է` նախնական այս տարբերակն է: Իսկ դա դոգմա չէ: Այսինքն` նախնական ուսումնասիրությունների արդյունքում ինչ նշվել է, չի նշանակում, որ դոգմա է»:
Հարցին` հնարավո՞ր է լսումների ընթացքում որոշվի էլեկտրաէներգիայի սակագինն ավելի բարձրացնել, Բաղդասարյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում եզրահանգումներ անել, բայց չեմ կարծում, որ նման բան լինի: Չեմ կարծում, որ քաղաքական ուժերի հիմնավորումներն այնպիսին լինեն, որ ավելի թանկանա»:
Նա նշեց նաև, որ իրենց միջնորդությունը չկա այն հարցում, որ էլեկտրաէներգիան ավելի չի թանկացել, հակառակը` այնպես են արել, որ օբյեկտիվ ուսումնասիրություններ լինեն: