կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-18 17:04
Քաղաքական

Բիբինը կա՛մ համաձայն է այստեղի պայմաններին, կա՛մ էլ նրա համար միևնույն է. Վահրամ Բաղդասարյան

Բիբինը կա՛մ համաձայն է այստեղի պայմաններին, կա՛մ էլ նրա համար միևնույն է. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի` ՀԾԿՀ-ի նիստին չներկայանալուն: Ըստ նրա` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է այս ամենից հետևություններ անի:

Դիտարկմանը, թե Բիբինի` Ռոբերտ Նազարյանին ուղղված նամակում նշվում է, որ 6,93 դրամ սակագնի դեպքում ՀԷՑ-ը չի կարող երաշխավորել որակյալ էլեկտրաէներգիայի տրամադրում, և դրանից, փաստորեն, կարելի է ենթադրել, որ պետք է սպասենք հովհարային անջատումների, Բաղդասարյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այդպես է: Դա Բիբինի կարծիքն է: Նա ինչ-որ ձևով պետք է արդարանա: Նրանով չի ամեն ինչ ավարտվում ու սկսվում: Ինձ թվում է, որ համապատասխան կառույցները կարող են ստուգել այն պայմանները, թե կարո՞ղ է որակյալ էլեկտրաէներգիա ապահովվել, թե՞ ոչ»:

Դիտարկմանը, թե, ըստ էության, Բիբինի վերաբերմունքն անհարգալից է ՀԾԿՀ-ի, ինչպես նաև ԱԺ-ի նկատմամբ, և հնարավո՞ր է` նրա պաշտոնանկության հարցը դրվի, պատգամավորը պատասխանեց. «Սեփականատերերը պետք է հետևություններ անեն Բիբինի պահելաձևից և ընդհանուր այս վիճակից: Դա զուտ սեփականատերերի խնդիրն է: Իսկ անհարգալից վերաբերմունքի մասով ասեմ, որ կարծում եմ` այդտեղ երկու տարբերակ կա` կա\'մ ինքը համաձայն է այստեղ հնչած բոլոր պայմաններին, կա\'մ էլ նրա համար միևնույն է, թե այստեղ ինչ կարող է կատարվել: Այս երկու պայմաններն էլ ինձ համար ընդունելի չեն»: