Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կայացավ Հայաստանի քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց կարծիքը չեն պատրաստվում փաթաթել մեր վզին:
«Նման հանդիպումները բավական արդյունավետ են: Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք իրավաբաններ են և չեն ցանկանում խառնվել քաղաքական հարցերին, բայց, միևնույն ժամանակ, նշեցին` որևէ էական առարկություն չունեն Սահմանադրության հրապարակված տեքստի վերաբերյալ»,- ասաց Բաղդասարյանը` հավելելով. «ԱԺ բոլոր քաղաքական ուժերը ներկա էին քննարկմանը, քաղաքացիական հասարակությունը լայն կազմով ներկայացված էր, սակայն ժամանակի սղության պատճառով բոլորը չէ, որ կարողացան իրենց հուզող հարցերը բարձրաձայնել»:
Բաղդասարյանի խոսքով`ՀՀԿ-ական 15 անդամներից որևէ մեկին հարց տալու հերթ չհասավ: Քաղաքացիական հասարակությունը ևս մեկ հանդիպում էր խնդրում, բայց Վենետիկի հանձնաժողովի հնարավորությունները չեն ներում:
Նա նշեց նաև` բավականին հարցադրումներ եղան, պատասխանները բավականին կոռեկտ էին, բացի մեկից: «ՀԱԿ ներկայացուցիչը 15 րոպեանոց ելույթ ունեցավ, ինչքան հնարավոր է մրոտեց սեփական երկիրը, սեփական պետությունը, սեփական նախագահի հասցեին ինչքան հնարավոր է վատ արտահայտություններ արեց: 15 րոպեանոց ելույթին ընդամենը 15 վայրկյանանոց պատասխան հետևեց: Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներից մեկն էլ մեջբերում արեց` ասելով, որ եթե քաղաքական ուժը համապատասխան ձայներ չի կարողանում հավաքել, մշտապես մեղադրում է իշխանություններին, Սահմանադրությանը: Պատասխան դա էր ընդամենը»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Ըստ նրա` մնացած բոլոր քաղաքական ուժերի բարձրացրած հարցերը մասնագիտական էին: «Վենետիկի հանձնաժողովի անդամները հասկացրեցին, որ իրենց կարծիքը չեն պատրաստվում փաթաթել մեր վզին: Կատեգորիկ «ոչ»-եր և «դեմ»-եր չեն եղել որևէ դրույթի հետ կապված: Իրենք ասացին, որ հավանություն են տվել Սահմանադրության ընդհանուր դրույթներին և ցանկացած նկատառում կհայտնեն Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին: Վենետիկի հանձնաժողովի առաջարկները պետք է քննարկվեն նաև մասնագիտական հանձնաժողովի հետ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: