Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, նշեց, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի առաջարկվող մոդելը ապագայի մոդել է:
Նրա խոսքով՝ բոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական գոյության ընթացքում միշտ էլ նշել են այդ մոդելի անհրաժեշտության մասին, ուստի տարակուսելի է, որ նրանք որոշակի փուլում սկսեցին դեմ արտահայտվել այդ փոփոխություններին: Բաղդասարյանի խոսքով՝ ներքաղաքական դաշտում կան լուրջ խնդիրներ, կուսակցությունները բավարար կայացած չեն, և այնպես չէ, որ մոդելի փոփոխությունը կվերացնի բոլոր այդ խնդիրները: Պատգամավորը նշեց, որ ՀՀ նախագահի մտահոգությունները կապված են հենց այդ խնդիրների հետ, եթե այդ խնդիրները չլինեին, հայեցակարգը ավելի շուտ հաստատված կլիներ:
Լրագրողները հարց ուղղեցին, թե ինչո՞ւ, ի վերջո, Սերժ Սարգսյանը չհրավիրեց ՀԱԿ-ին: Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ ՀԱԿ-ը բարդ է, ՀԱԿ-ում տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, բացի այդ` ՀԱԿ-ը միշտ հայտարարել է, որ այս կործանարար իշխանությունների հետ ոչ մի քննարկելու բան չունի, և ուրեմն ինչո՞ւ պետք է նման հայտարարություն անող քաղաքական ուժին ձևի համար հրավիրեն: «Ո՞ւմ պետք է հրավեր ուղարկեինք, Բագրատյանի՞ն` առանձին, Փաշինյանի՞ն` առանձին»,- հարցրեց Վահրամ Բաղդասարյանը:
Լրագրողները հարցրեցին` արդյոք՞ ԲՀԿ-ի վրա Հանրապետականի ճնշումը չէր պատճառը, որ ԲՀԿ-ն սկսեց քննարկել սահմանադրական փոփոխությունները, մինչդեռ մինչ հայտնի իրադարձությունները, ԲՀԿ-ն հայտարարում էր, որ դեմ է դրանց:
«ԲՀԿ-ում ի սկզբանե խնդիր կար, ԲՀԿ-ում մի մասը դեմ էր ընդդիմադիր ուժ լինելուն, մյուս մասը կողմ էր, ահա` ինչու նրանք որոշեցին հռչակվել այլընտրանք, որը ինձ համար քաղաքագիտական տեսանկյունից անհասկանալի է: Սահմանադրական փոփոխություններին դեմ լինելու` ԲՀԿ-ի միակ պատճառը եղել է այն, որ նրանք ունեին նախագահի թեկնածու, և այս պահին մոդելի փոփոխություն չեն ուզում: Բայց դա քաղաքական գործելաոճ չէ, ստացվում է, որ եթե ունեն նախագահի թեկնածու, ուրեմն ցանկանում են մի քիչ վայելել այդ մոդելը, ու թքած ամեն ինչի վրա՞: Եվ երբ ԲՀԿ-ում հասկացան, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, և արդեն չկար նախագահի թեկնածու, ԲՀԿ-ն հասկացավ, որ ձեռնտու է մոդելի փոփոխությունը»,- պատասխանեց Վահրամ Բաղդասարյանը:
Նա նաև հույս հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում բիզնեսը կտարանջատվի քաղաքականությունից: