Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
… Հիշու՞մ եք 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժը… Հենց այդ օրերին էր, որ աղետի ենթարկվեց Հայաստանին օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը: Ամիսներ անց՝ 1989 թվականի ապրիլին գործուղվեցի Բելգրադ՝ «Անավարտ Թռիչք» վավերագրական ֆիլմի սցենարը գրելու նպատակով:
Այն, ինչ հիմա պատմելու եմ, դուրս է «Անավարտ Թռիչք» ֆիլմի սցենարից, և հնարավոր է, ո՞վ գիտի, որ այս պատմությունը մի ուրիշ ֆիլմի ստեղծման առիթ դառնա…
…1989 թվական: Ապրիլ, Բելգրադ: Խորհրդային միության դեսպանատանը հատուկ միջոցառում ընդունելություն էր կազմակերպվել աղետի ենթարկված օդաչուների հիշատակին: Ներկա էին նրանց հարազատները, բարձրաստիճան պաշտոնյաներ, լրատվամիջոցներ… Հրավիրյալների մեջ էր նաև իմ հին բարեկամ «ՍՈՎԵՐՇԵՆՆՈ ՍԵԿՐԵՏՆՈ» թերթի Բելգրադի հատուկ թղթակից Միլան Չոլիչը:
«Հանդիպումից հետո միասին հատուկ տեղ ենք գնալու»,- խորհրդավոր գաղտնիությամբ ասաց նա, ու հրեական բազմիմաստ ժպիտով ավելացրեց,- «սովերշեննո սեկրետնո»….
Ամուսնական մի զույգ էլ էր մասնակցում ընդունելությանը՝ Ռադմիլա և Գրգոր Միլոշևիչները. Միլանի ծանոթներն էին պարզվեց: Դեսպանատնից միասին դուրս եկանք, տեղավորվեցինք Միլոշևիչների մեքենայում ու քիչ անց արդեն քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում էինք: Հին, մաքուր ու խնամված սալահատակը, հրապարակը գոտևորող դասական շենքերը հուշում էին, որ այն Բելգրադի նշանավոր կենտրոններից է…
Թեև իմ ծանոթությունը Միլոշևիչների հետ ընդամենը մի քանի ժամվա պատմություն ուներ, բայց Գրգոր Միլոշիչն այնքան անմիջական էր, որ թվում էր, թե մի հարյուր տարվա ծանոթներ ու բարեկամներ ենք:
- Այս հրապարակի անունը գիտե՞ս,- ինձ էր ուղղված հարցը:
- Որտեղի՞ց պիտի իմանամ,- զարմացած, մի քիչ էլ շվարած պատասխանեցի Միլոշևիչին ու հայացքս պտտելով փորձում էի մի ցուցանակ գտնել, ուր երևի հրապարակի անունը գրված կլիներ… Հայացքս դեմ առավ հաստափոր բարձր պարիսպներին, որոնց հետևում տապ էր արել Թուրքիայի դեսպանատունը… Երևի չկռահեի էլ, եթե վախից պատսպարված շինության գլխին չնկատեի քամուց թրթռացող կիսալուսինը:
- Թուրքիայի դեսպանատու՞նն է,- հարցրի:
- Այո, շեշտված արհամարհանքով ասաց Միլոշևիչն ու ցույց տալով ծանրաշուք պարիսպները՝ քմծիծաղով ավելացրեց,- տեսնու՞մ ես՝ վախից ոնց են պաշտպանվել… Սերբերն ասում են. «Երկու վախը մի մահ է..»:
- Մենք էլ ենք նույնն ասում…
- Իրո՞ք ,- ուրախությունն ու զարմանքը խառնած ասաց Միլոշևիչն ու դարձավ Չոլիչին,- տեսնու՞մ ես Միլան, հայերն էլ են մեզ պես ասում՝ երկու վախը մի մահ է:
-Մի Հայ մի Սերբ որ գումարվեն, էդ արդեն երկու վախ է թուրքի համար…
Միլոշևիչին դուր եկավ հրեա Չոլիչի թվաբանությունը...
- Ձերոնք հենց էս հրապարակում են ահաբեկել թուրք դեսպանին: Նրանցից մեկը (Անդրանիկ Պողոսյանի* մասին էր խոսքը), ափսոս, վիրավորվեց ոստիկանի անմիտ գնդակից, մյուսն էլ…
- Մյուսին շուտով բաց կթողնեն,-Միլոշևիչին կանխելով`տեղյակ մարդու հաստատակամությամբ ասաց Չոլիչը:
- Որտեղի՞ց գիտես,- զարմացած հարցրեց Միլոշևիչը:
- Դրա համար էլ ես հրեա եմ,- կատակեց Միլանը…
- Ախր դու ի՞նչ հրեա…. Անունդ՝ Միլան, ազգանունդ՝ Չոլիչ. տեղը-տեղին սերբի անուն-ազգանուն է…
- Ո՞ր մի հրեան է իր անուն ազգանունով ապրում,- կես լուրջ, կես կատակ ասաց Չոլիչն ու հրավիրեց մոտակա բացօթյա սրճարանում ճաշելու…
Թուրք դեսպանին ահաբեկելուց հետո սերբերը հրապարակը վերանվանել էին` «ՍԱՏԿԱԾ ԹՈՒՐՔԻ ՀՐԱՊԱՐԱԿ»… Ես այդպես էլ չհարցրի, թե ինչ էր հրապարակի նախկին, իսկական անունը: Թուրքերը հազար ու մի բան են իրենցով արել, անվանափոխել, էն ինչն էլ չեն կարողացել իրենցով անել, քանդել ու ավերել են… Այս մեկն էլ թող այսպես մնա՝ «Սատկած թուրքի հրապարակ»...
… Այդ օրը մի ուրիշ անակնկալ էլ մատուցեց ինձ Չոլիչը: Ճաշելուց հետո ուղևորվեցինք Բելգրադի մի ուրիշ թաղամաս ու կանգ առանք երկհարկ տան դարպասների առաջ. փոքրիկ բակ ուներ տունը: Խաղացող երեխաների ձայներ էին լսվում: Մի կին, որ տանտիրուհին էր, երևի, պարանից չորացած սպիտակեղենն էր խնամքով հավաքում: Միլոշևիչը ծեծեց դարպասն ու տանտիրոջը կանչեց; Կինը սպիտակեղենը թողեց պարանին ու փութաց դարպասը բանալու:
- Հյուրեր կընդունե՞ք,- մտերմիկ դիմեց Չոլիչը:
- Սիրով,- ասաց տանտիրուհին ու ձայնեց ամուսնուն:
- Գալիս եմ, գալիս եմ,- տան ներսից լսվեց տղամարդու խռպոտ ձայնը:
Եկավ: Կապուտաչ, սլավոնական արտաքինով մեկն էր: Մի քիչ կոնծել էր արդեն: -
-Մեր հյուրը հայ է, Հայաստանից,- ինձ ներկայացրեց Միլոշևիչն ու կատակելով շարունակեց,-ի՞նչ ունես հյուրասիրելու… -
-Օօօ~, հա~յ է,- ուրախ բացականչեց տղամարդն ուշարունակեց,- ի՞նչ հյուր. ուրեմն, մարդն իր տուն է եկել, հյուրը ես եմ,- հետո առաջարկեց,- լավ, ընտիր սլիվովիցեն ունեմ…
Սլիվովիցենը թունդ օղի է, Սերբիայում հարգի և ընդունված խմիչք: Քիչ անց արդեն սեղանին էր սլիվովիցենի լիքը գրաֆինն ու սրվակներ հիշեցնող ըմպամանները:
--Սրանք հատուկ սլիվովիցենի համար են,-տանտերը նկատի ուներ սրվակներ հիշեցնող անոթները ու կես-կես լցրեց համտեսելու…
-Հը՞, շա՞տ էր թունդ,-առաջին կումից հետո խուզարկու հայացքով հարցրեց տանտերը:
-Մեր թթան օղու պես էր,- պատասխանեցի:
-Ձեր թթան օղին չեմ փորձել, բայց ձեր կոնյակը՝ օօօ~օ, հրաշք է…
Դատարկ սրվակները կրկին լցրեց, նույն չափով՝ հետն էլ ասելով.
- Այս տանը մի ժամանակ քո մեծ հայրենակիցն է ապրել, այնպես որ, քեզ տանտիրոջ պես զգա…
- Իմ հայրենակի՞ցը… Ո՞վ,- զարմացած հարցրի ես:
- Էն, որ Թալեաթ փաշային շանսատակ արեց…
-ՍՈՂՈ ՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱ՞ՆԸ**,- զարմանքս ավելի մեծացավ:
-Հա, հենց ինքը…
…Այ քեզ օր, այ քեզ անակնկալ… Քիչ առաջ «ՍԱՏԿԱԾ ԹՈՒՐՔԻ» հրապարակում էինք, հիմա էլ այն տանը, ուր բելգրադյան տարիներին Սողոմոնն էր ապրել… Կողք կողքի դրի, մտովի համեմատեցի անառիկ պարիսպների հետևում տապ արած, թաքնված Թուրքիայի դեսպանատան շենքն ու պարզ, հասարակ այս տունը…
Հետո Չոլիչը մի հետաքրքիր դրվագ պատմեց Թեհլերյանի բելգրադյան տարիներից: Թուրքիայից բարձրաստիճան մեկը պիտի ժամաներ Բելգրադ: Թեև ամեն ինչ արվել էր բարձրաստիճան թուրքի անվտանգությունը ապահովելու համար, բայց վերջին պահին, այցի նախօրեին Սերբիայի իշխանությունները Թուրքիայից անսպասելի, տարօրինակ հաղորդագրություն են ստանում, որ եթե հայ ահաբեկիչն այցի օրերին դուրս չդրվի Բելգրադից, այցը չի կայանա… Թեհլերյանին «վնասազերծելու» պարտականությունն իր վրա է վերցնում սերբական բանակի բարձրաստիճան մի սպա, որը շատ մոտ ու ջերմ հարաբերությունների մեջ էր Սողոմոնի հետ: Զինվորականը հրավիրում է Թեհլերյանին մի քանի օրով քաղաքից դուրս որսի գնալ ու հանգստանալ բնության գրկում... Սողոմոնը սիրով համաձայնում է: Երկու-երեք օր անց, երբ թուրքն իր շքախմբով վերադառնում է Ստամբուլ, որսատեղից Բելգրադ են վերադառնում Սողոմոնն ու իր սերբ ընկերը… Վերջինս, վերադարձի ճանապարհին Թեհլերյանին բացում է իրողությունն ու մեղավորի պես խոստովանում… Սողոմոնը բարի ժպիտով ասում է. «Երանի ամիսը մեկ գային, մենք էլ որսի գնայինք.. ,- հետո բազմանշանակ ավելացնում,-ես իմ բաժին որսն արդեն արել եմ. թող եկող, գալիք որսորդներից վախենան…»:
Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ
Հունիս 2015թ.
* լուսանկարում Անդրանիկ Պողոսյան և Պռոշյան գյուղի սպանված գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյան:
** լուսանկար՝ Սողոմոն Թեհլիրյան