Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրան-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը, բացի փոխադարձ պաշտոնական մեղադրանքներից ու գործողություններից, երկրներից յուրաքանչյուրում ունենում է նաև այլ դրսևորումներ։ Ադրբեջանում Իրանի հետ հարաբերությունների սրման խորապատկերին ակտիվանում են շիա հավատացյալների դեմ ճնշումները, և նրանց նկատմանբ «որս» է սկսվում։
Շիա հավատացյալներին Ադրբեջանի իշխանություններն անվանում են հինգերորդ շարասյուն և ձերբակալում են պետական դավաճանության, Իրանի հատուկ ծառայությունների հետ կապերի կամ էլ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքներով: Նրանք հիմնականում մարդիկ են, որոնք կրոնական կրթություն են ստացել Իրանում, Իսլամական հանրապետությունում այցելել են ուխտավայրեր, որպես շիայական երկիր՝ Իրանին և նրա հոգևոր առաջնորդին համարում են հեղինակություն։
Հավատացյալների նկատմամբ ճնշումներ ու ձերբակալություններ Ադրբեջանում միշտ են եղել, բայց Բաքու-Թեհրան հարաբերությունների խիստ լարված շրջափուլերում դրանք նոր թափ են առել, ինչպես, օրինակ՝ 2021, 2022 թվականներին։ Նույն գործընթացը շարունակվել է նաև 2023 թվականին։ Մասնավորապես հունվարի 31-ին՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից ընդամենը չորս օր անց, Բաքվի ուժայինները հատուկ գործողություն են իրականացրել «Salamnews» և «Interaz» լրատվամիջոցներում` ձերբակալելով 7 մարդու, այդ թվում՝ լրատվամիջոցների ղեկավար, Իրանում կրոնական կրթություն ստացած Մաթլաբ Բաղիրովին: Ըստ Բաքվի իշխանությունների՝ այդ լրատվամիջոցներն Իրանի քարոզչությամբ են զբաղվել :
Մեկ օր անց Ադրբեջանում հայտարարեցին «իրանական լրտեսական ցանցի» երեսունինը անդամի ձերբակալման մասին․ այդ թվում էին նաև նախորդ օրվա 7 ձերբակալվածները։ «Բացահայտումները» դրանով չսահմանափակվեցին․ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին ևս եղան ձերբակալություններ։ Ընդհանուր առմամբ՝ հունվարի վերջից մայիս ժամանակահատվածում ձերբակալվել է ավելի քան 200 հավատացյալ՝ հիմնականում կա՛մ Իրանի օգտին լրտեսելու, կա՛մ թմրանյութերի շրջանառության մեղադրանքներով։ Ձերբակալվածների մի մասը մեղադրվում է նաև Ադրբեջանում սահմանադրության և իշխանության փոփոխության «ձգտումների» մեջ:
Մարտի վերջին Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձից հետո ևս Բաքվում միանգամից սլաքներն ուղղեցին Իրանի կողմը: Մահափորձը կազմակերպելու մեղադրանքով ձերբակալված չորս անձանց կենսագրություններում կարմիր թելի նման շեշտվել է հավատացյալ լինելու հանգամանքը, և թե քանի անգամ են այցելել Իրան ։ Իր «ցանցի միջոցով» պատգամավորի նկատմամբ հարձակում կազմակերպելու մեջ Իրանին մեղադրեց անգամ նախագահ Իլհամ Ալիևը:
Իրանի կրոնական ազդեցությունն Ադրբեջանում
ԽՍՀՄ փլուզումից հետո իրենց կրոնական գործունեությամբ Ադրբեջանում ակտիվացել են Պարսից ծոցի արաբական երկրները, Թուրքիան և Իրանը։ Իրանի դեպքում Ադրբեջանը գրավիչ էր թե՛ պատմական կապերի և թե՛ բնակչության գերազանցապես շիա լինելու հանգամանքներով։
Ադրբեջանի անկախացումից հետո այդ երկրում քարոզչություն էին իրականացնում հենց իրանցի հոգևորականները, սակայն 1996 թվականին Ադրբեջանում օտարերկրյա հոգևորականների քարոզչությունն արգելելուց հետո Թեհրանն իր գործունեությունը շարունակեց Իրանում կրթություն ստացած ադրբեջանցիների միջոցով :
Իրանի հովանավորությամբ ստեղծվեցին տարբեր կրոնական կառույցներ, կրոնաքաղաքական կուսակցություններ, կրթական հաստատություններ, որոնք հետագա տարիներին Բաքվի իշխանությունների կողմից կամ փակվել, կամ սահմանափակումների են ենթարկվել։ Այսպես՝ Ադրբեջանում Իրանի վերահսկողությամբ գործել են 22 մեդրեսեներ՝ կրոնական քոլեջներ, որոնք փակվել են 2001 թվականին :
Ադրբեջանում Իրանն ունեցել է նաև բարեգործական հիմնադրամ, հոգևոր առաջնորդի ներկայացուցչություն, աղոթատեղի: Վերջին երկուսը փակվել են 2021-ին Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության ֆոնին, իսկ «Էմդադ Խոմեյնի» բարեգործական հիմնադրամը գործունեությունը դադարեցրել է 2014-ին :
Իրանի աջակցությամբ ստեղծված կրոնաքաղաքական կառույցներից են «Ադրբեջանի իսլամական կուսակցությունը», «Հեզբոլլահը», «Հոսեյնականները» և այլն։ Նշված բոլոր կառույցներն ու նրանց անդամները ենթարկվել են Ադրբեջանի իշխանությունների հետապնդումներին։ Այսպես՝ 1992 թ․ գրանցված «Ադրբեջանի իսլամական կուսակցությունը» 1995 թվականին զրկվել է պետական գրանցումից:
Մեկ տարի անց՝ 1996 թ., հայրենիքին դավաճանելու և Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով ձերբակալվել է կուսակցության առաջնորդ Ալիաքրամ Ալիևը: 2011-ին ձերբակալվել է նաև կուսակցության նոր առաջնորդ Մովսում Սամադովը, որը հաճախ էր քննադատում Ադրբեջանի իշխանությունների կրոնական քաղաքականությունը: 2020-ին ձերբակալվել է կուսակցության ղեկավարի պաշտոնակատար Իլհամ Ալիևը, որը թեև իր նախորդից ավելի պասիվ էր ու քիչ էր քննադատում իշխանություններին, բայց արժանացավ իր համախոհների ճակատագրին։ Ալիևի դեպքում ձերբակալման առիթն էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվանից հետո դրսևորած ակտիվությունը (Սոլեյմանիին նահատակ անվանելը, մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելը) ։
Իսլամական կառույցներից «Հեզբոլլահի» անդամները ևս տարբեր տարիներին ձերբակալվել են ահաբեկչության մեղադրանքով։ Կառույցն այժմ գործում է ընդհատակում և չունի հետևորդների լայն ցանց։
Ադրբեջանում մինչև օրս շարունակվում են իսլամական մեկ այլ կազմավորման՝ «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամների ձերբակալությունները: Դեռ 2015-ին շիա հավատացյալների կենտրոն Նարդարան ավանում հատուկ գործողության շրջանակներում ձերբակալվել էր շարժման առաջնորդ Թալեհ Բաղիրզադեն:
Հարկ է նշել, որ որպես ամենակրոնապաշտ ու ըմբոստ ավան, Նարդարանը միշտ եղել է Ադրբեջանի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Իրանի ազդեցությունն ավելի շատ զգացվել է հենց այս ավանում։ Արտաքինից էլ Նարդարանն ավելի շուտ հիշեցրել է Իրանը պարսկերեն ու արաբերեն գրություններով կրոնական պաստառների, մարդկանց նիստուկացի, կենցաղի պատճառով։ Այս ավանից են սերել տարբեր կրոնաքաղաքական կառույցներ, այդ թվում՝ «Ադրբեջանի իսլամական կուսակցությունն» ու «Մուսուլմանական միասնություն» շարժումը: Նարդարանը միշտ առաջիններից է եղել, որտեղից լսվել է իշխանությունների կրոնական քաղաքականության դեմ բողոքի ձայնը, ըստ այդմ՝ բավականին հաճախ են տեղի ունեցել բախումները ուժային կառույցների հետ։ Ավանը բնութագրվել է նաև որպես «պետություն պետության մեջ»։ Ավանի նկատմամբ լիարժեք վերահսկողություն սահմանելու համար 2015-ի նոյեմբերին իշխանություններն այստեղ հատուկ գործողություն են իրականացրել՝ ձերբակալելով 15 մարդու, այդ թվում՝ վերը հիշատակված Թալեհ Բաղիրզադեին։ Ձերբակալությունները շարունակվել են հաջորդող օրերին՝ հասնելով 200-ի: Հատուկ գործողությունն իշխանությունները պատճառաբանել են նրանով, թե իբրև «Մուսուլմանական միասնություն» շարժումը շիա հավատացյալները ստեղծել էին երկրի սահմանադրությունը փոխելու և շարիաթի կանոններ հաստատելու նպատակով :
Գործողության ժամանակ ավանում վերացրել են կրոնական բովանդակության պաստառներն ու ատրիբուտները։ Հատուկ գործողությունից մեկ ամիս անց Ադրբեջանի իշխանությունները հերթական փոփոխությունն են իրականացրել դավանանքի ազատության մասին օրենքում՝ արգելելով հասարակական վայրերում կրոնական բովանդակության պաստառների, դրոշների տեղադրումը՝ դա թույլատրելով միայն կրոնական կենտրոններում, ուխտավայրերում ։ Նարդարանում հիմնվել է ոստիկանական բաժանմունք։ Այս կերպ Ադրբեջանի իշխանությունները փորձել են աշխարհիկացնել Նարդարանը և հնարավորինս վերահսկելի դարձնել այն:
«Հոսեյնականները»
Իրանի հովանավորությամբ ստեղծված կրոնաքաղաքական կառույցներից ամենաակտիվը «Հոսեյնականների» (կամ «Ադրբեջանի դիմադրության ճակատ», «Հոսեյնչիներ») շարժումն է։ Այս շարժումը ստեղծվել է 2015-ին Իրանում Ադրբեջանից կրոնական գործիչ Թոհիդ Իբրահիմբեյլիի կողմից։
«Հոսեյնականների» կազմում ընդգրկվել են Իրանում կրթություն ստացող կամ ստացած ադրբեջանցիները։ Իսլամական հանրապետության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և Իրանի հովանվորյալ ուժերի հետ կառույցը մասնակցել է Սիրիայում ահաբեկիչների դեմ պատերազմին։ Կառույցի այն անդամները, որոնք պատերազմից հետո վերադարձել են Ադրբեջան, ձերբակալվել են, իսկ ղեկավար կազմն ու այլ անդամները բնակվում են Իրանում։ Նրանք Իսլամական հանրապետության ջատագովներ են և գործունեություն են ծավալում Իրանի պաշտոնական քաղաքականության շրջանակներում:
Բաքու-Թեհրան հարաբերությունների սրման ֆոնին կառույցի անդամների անուններն ավելի հաճախակի են հայտնվում իրանական մամուլում: Ապրիլի սկզբին, օրինակ, պետական «Իրան» օրաթերթը հարցազրույց էր անցկացրել Թոհիդ Իբրահիմբեյլիի և կառույցի ղեկավարներից Օրխան Մամեդովի հետ։ Հարցազրույցի ընթացքում նրանք խիստ քննադատել էին Ադրբեջանի իշխանությունների կրոնական, ինչպես նաև տարածաշրջանային քաղաքականությունը :
Ադրբեջանում, սակայն, կառույցը համարվում է ահաբեկչական, իսկ նրա անդամների նկատմամբ հետախուզում է հայտարարված՝ Ադրբեջանի քաղաքացիներին զինված խմբերում ներգրավելու, Ադրբեջանի շահերին հակասող գործողությունների համար։ Բաքվում «Հոսեյնականների» հետք են տեսնում նաև 2018 թ. Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձի կազմակերպման մեջ: Ըստ Ադրբեջանի իրավապահ ծառայությունների՝ մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող անձը 2013-2016 թթ․ ընթացքում Ղոմ քաղաքում հավաքագրել և Սիրիա է ուղարկվել Թոհիդ Իբրահիմբեյլիի կողմից :
2022 թ․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ տարիներ առաջ Իրանի իր գործընկերոջը 20 հոգանոց ցուցակ է ներկայացրել՝ պահանջելով ձերբակալել և արտահանձնել ներկայացված անձանց: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ցուցակում է եղել նաև «Հուսեյնականների» ղեկավար կազմը։ Իրանական կողմը, սակայն, չի կատարել այդ պահանջը։
Ուշագրավ է, որ ապրիլի վերջին Իրան-Ադրբեջան լարվածության որոշակի թուլացման ֆոնին իրանական մամուլում լուրեր շրջանառվեցին Թոհիդ Իբրահիմբեյլիի և Օրխան Մամեդովի ձերբակալության և հնարավոր արտահանձնման մասին։ Լուրն ադրբեջանական մամուլում միանգամից մեկնաբանվեց որպես Ադրբեջանի պահանջի կատարում, իսկ Իրանում մեծ դժոգություն առաջացրեց: Մայիսի 2-ին հայտնի դաձավ, որ կրոնական գործիչներն ազատ են արձակվել: Ըստ պաշտոնական «Իրան» օրաթերթի լրագրող Մոհամմադ Մոթլաղի՝ նրանք ազատ են արձակվել (ԻՀՊԿ) միջամտության շնորհիվ:
Ազատ արձակվելուց մեկ օր անց տեսաուղերձով է հանդես եկել Թոհիդ Իբրահիմբեյլին՝ նշելով, որ շարժման հասցեին Ադրբեջանի մի շարք մեղադրանքների ուսումնասիրության համար «11 օր Իրանի ուժային կառույցների հյուրն էին»: Իբրահիմբեյլիի ու Մամեդովի ազատ արձակումից հետո ադրբեջանական մամուլը գրեց, որ Իրանը հրաժարվել է հանձնել նրանց Ադրբեջանին:
Չնայած դրան՝ մայիսի 3-ին նախագահ Իլհամ Ալիևը կրկնել է արտահանձնման պահանջը: Նա շեշտել է, որ հարաբերությունների կարգավորման համար Ադրբեջանն Իրանից պահանջներ ունի, որոնց թվում է «Իրանում ապաստանած ահաբեկիչների արտահանձնումը» :
Այս պայմաններում կրոնական գործիչների ձերբակալությունը կարող է մեկնաբանվել երկու ձևով. կա՛մ դա Բաքվին ուղղված ժեստ էր, կա՛մ Թեհրանում որոշ շրջանակների մոտ նրանց արտահանձնելու ցանկություն է եղել, որը չի իրականացել հանրային մեծ աղմուկի և ԻՀՊԿ միջամտության պատճառով: Իսկ արտահանձնումն ԻԻՀ դեպքում նշանակելու էր հեռացում իր իսկ հայտարարած արժեքներից ու սկզբունքներից, ինչպես նաև հեղինակության կորուստ՝ հենց Ադրբեջանի շիաների շրջանում։ Այս համատեքստում ուշագրավ է, որ ձերբակալությունից հետո ունեցած տեսաուղերձում Օրխան Մամեդովն էլ Ադրբեջանի շիաներին կոչ էր արել «անձնապաշտ չլինել»՝ ընդգծելով, որ «իրենց հետ ինչ էլ տեղի ունենա, շիաները չպետք է ընկրկեն իրենց հավատի հարցում ու Իսլամական հանրապետության նկատմամբ վատատես դառնան» ։
Բաքվի փորձերը՝ ինքնաբավ դառնալ կրոնի հարցում
Օտար երկրների, այդ թվում՝ Իրանի կրոնական ազդեցությունը նվազեցնելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները տարիների ընթացքում մի շարք նոր քայլեր են ձեռնարկել: 2016 թ. կրոնական կառույցների հարցերով պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Ղուրբանլին հարցազրույցներից մեկում նշել էր, որ կրոնական ծայրահեղ խմբավորումների դեմ պայքարի մի քանի ուղղություն կա .
-օրենսդրական դաշտում՝ ուժայինների միջոցով․
-տնտեսական դաշտում՝ այդ խմբավորումների մոտ անօրինական ֆինանսական միջոցների ձեռքբերման և դրանով ադրբեջանցի երիտասարդներ հավաքագրելու դեմ պայքարով․
-գաղափարական և քարոզչական դաշտում, որտեղ Կովկասի մուսուլմանների վարչությունը (ԿՄՎ) պետք է ակտիվ համագործակցի ԶԼՄ-ների հետ, կազմակերպի ճանաչողական սեմինարներ:
Պետք է նշել, որ Ադրբեջանում օտարերկրացի կրոնական գործիչներին, իսկ հետագայում նաև արտասահմանում կրթություն ստացած ադրբեջանցիներին քարոզելն արգելելը (2009) հանգեցրել էր նրան, որ Ադրբեջանում չկային բավարար թվով հոգևորականներ, որոնք կկարողանային աշխատել մարդկանց հետ նրանց «պաշտոնական իսլամի» շրջանակներում պահելու համար: Այս խնդիրը, ի վերջո, հանգեցրեց նրան, որ Ադրբեջանում կրկին փոփոխություններ նախաձեռնեցին դավանանքի ազատության մասին օրենքում՝ Կովկասի մուսուլմանների վարչության հրավերի դեպքում արտասահմանցի կրոնական գործիչներին թույլատրելով քարոզել Ադրբեջանում: Նոր փոփոխություններով նախատեսվեց արտասահմանում ապրող Ադրբեջանի քաղաքացիներին ևս թույլատրել իշխանությունների հետ համաձայնեցման պարագայում քարոզ իրականացնել երկրում :
Աստվածաբանության ինստիտուտը ևս նորարարությունների թվում է։ Այն փոխարինում է Բաքվի իսլամական համալսարանին, որը փակվել է 2018 թվականին։ Աստվածաբանության ինստիտուտում արդեն կրթում են ոչ միայն իսլամի, այլև այլ կրոնների մասնագետների։ «Ադրբեջանը բազմակրոն երկիր է և ոչ միայն իսլամի, այլև այլ կրոնների համար էլ են կադրեր անհրաժեշտ։ Ըստ ադրբեջանական օրենքի՝ երկրի կրոնական հաստատություններում աշխատող անձինք պետք է լինեն Ադրբեջանի քաղաքացիներ և կրթություն ստանան Ադրբեջանում», — հայտարարել էր կրոնական կառույցների հարցերով պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Ղուրբանլին ։ Այս փոփոխությունն իր հերթին վկայում է ոչ միայն իսլամի, այլև այլ կրոնական շրջանակների գործունեությունը պետական շրջանակներում պահելու՝ Բաքվի ջանքերի մասին։
Չնայած քոլեջների ստեղծմանը կամ ստեղծելու մտադրություններին՝ դրանց կադրերը դեռ չեն բավարարում, հատկապես այն պայմաններում, երբ «Իրանի լրտեսը» լինելու պատրվակներով պաշտոնանկ են արվում մզկիթների սպասավորները։ 2022-ին մզկիթներում սպասավոր նշանակելու լիազորությունը Կովկասի մուսուլմանների վարչությունից փոխանցվում է կրոնական կառույցների հարցերով կոմիտեին։ 2023-ին կոմիտեի նախագահը հայտնում է, որ լիազորությունը ստանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում 118 մարդու պաշտոնից ազատել են։ «Իրանական ռեժիմը փորձում է իր մարդկանց ներդնել Ադրբեջանի մզկիթներում։ Նա ջանում է Ադրբեջանում տարածել պետական կրոնի իր մոդելը։ Ադրբեջանում քարոզչություն իրականացնելու համար Իրանը նաև սոցցանցային արշավներ է իրականացրել։ Նման ապակառուցողական գործունությունը կանխելու և հակազդելու համար մասշտաբային աշխատանք է տարվել»,— ապրիլին հայտարարել է Ղուրբանլին ։ Կրոնի հարցում իրանական ցանկացած ազդեցությունից ազատվելու համար Ադրբեջանում աշխատանքից հեռացնում են այն սպասավորներին, որոնք իսլամական ծիսակարգերն ու տոներն անցկացնում են ըստ իրանական կողմի հաստատած ամսաթվերի ։ Այս պայմաններում կադրերի պակասը լրացնելու համար 2023 թվականից Ադրբեջանում սկսել են ներգրավել նաև կանանց՝ մզկիթներում կրոնական արարողությունները ղեկավարելու համար ։
Ուշադրության է արժանի նաև կրոնական կոմիտեի լիազորությունների ընդլայնման և Կովկասի մուսուլմանների վարչության լիազորությունների կրճատման հանգամանքը։ Սա այն պարագայում, երբ վարչությունը ևս գործում է իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ և առաջ է տանում նրանց քարոզչությունը։ Այնուամենայնիվ, վարչության լիազորությունների կրճատումը նշանակում է, որ կառույցի նկատմամբ կա առնվազն անվստահություն։ Դրա շարժառիթներից կարող է լինել 2021-ին վարչության ղեկավար Ալլահշյուքուր Փաշազադեի հայտարարությունն առ այն, որ պատերազմում Ադրբեջանի հաղթանակում մեծ դեր ունեցավ Իրանի հոգևոր առաջնորդի ֆեթվան այն մասին, որ «Ղարաբաղն իսլամական հող է»: Հարկ է նշել, որ թեև այս արտահայտությունը շատ է վերագրվում Իրանի հոգևոր առաջնորդին, սակայն գործնականում դա ապացուցող որևէ փաստ չկա : Այնուամենայնիվ, Փաշազադեի հայտարարությունն Ադրբեջանում մեծագույն դժգոհությամբ ընդունվեց, և իշխանական բոլոր քարոզչական ԶԼՄ-ները լծվեցին նրա դեմ արշավին։ Հետագայում Փաշազադեն իր այս սխալը չկրկնեց և արեց միայն իշխանահաճո հայտարարություններ, իսկ Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարման ֆոնին՝ նաև խիստ հակաիրանական ու իր նախկին հայտարարությանը հակասող հայտարարություններ։
Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ հակաիրանական քարոզչության ճանապարհով Բաքուն ցանկանում է ազատվել ցանկացած իրանական երևույթից՝ սկսած կրոնական ազդեցությունից մինչև այն մարդիկ, որոնք Իրանին թշնամի չեն համարում։
Ըստ էության, արցախյան 2020 թ․ պատերազմից հետո Իրան-Ադրբեջան հարաբերություններում մեկնարկած լարվածությունը հանգեցրել է նաև Ադրբեջանում շիա հավատացյալների նկատմամբ նոր ճնշումների, կրոնական նոր սահմանափակումների։ Ադրբեջանը այնքան է ուժգնացրել հակաիրանական քարոզչությունը, որ երկրում չի հանդուրժում Իրանի նկատմամբ դրական վերաբերմունք, իսկ նրանք, ովքեր համակրում են Իսլամական հանրապետությանը, արժանանում են հալածանքների և ձերբակալությունների։
Իրանի հետ իր քաղաքացիների շփումները սահմանափակելու համար կորոնավիրուսի պատրվակով Ադրբեջանը նաև չի բացում երկրի ցամաքային սահմանները։
Ժաննա Վարդանյան