Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀԱԿ ներկայացուցիչներն այս օրերին մոտ 60-70 երեւանամերձ գյուղերում են եղել եւ եկել այն եզրակացության, որ ժողովուրդն այլեւս չի վախենում իշխանությունից. վաղվա հանրահավաքին շատերն են գալու. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
«Իշխանությունների` տարիներով սերմանած վախը կորավ, գարնան հետ դուրս եկավ: Մարդիկ իսկապես չեն վախենում»,- նշեց Ա. Մանուկյանը եւ հավելեց, թե իրենց համախոհների շարքերը համալրվում են նոր զանգվածներով:
Ըստ ՀՀ վարչության նախագահի` հաջողություն է, որ հանրահավաքին միանալու են ոչ թե քաղաքականացված մարդիկ, այլ` քաղաքացիական դիրքորոշումից ելնելով: Նրանք բոլորն էլ խնդիր ունեն ներկայիս իշխանությունների հետ` օրվա հաց վաստակելու, հողամասերի, առեւտրի օբյեկտի, բանակի եւ այլն:
Ա. Մանուկյանի համոզմամբ, ի տարբերություն հյուսիսաֆրիկյան ժողովուրդների, իրենք ավելի կազմակերպված են գործելու. «Թող ներող լինեն Հյուսիսային Աֆրիկայի ըմբոստները, մեր շարժումը մի քիչ ավելի համակարգված է եւ գիտակցված»:
Ըստ նրա` կա երկու բան, որով ՀԱԿ-ի եւ աֆրիկացիների շարժումները տարբերվում են: Մեկը կրոնական եւ ցեղային ներքին բախումներն են, որոնք խանգարում են ժողովրդավարությանը: Այն մեզ չի սպառնում հեղափոխության դեպքում:
Մյուսն այն է, որ նրանք պայքարում են օրվա հաց ունենալու, իսկ այստեղ` հաց վաստակելու իրավունքի համար. «Հայաստանում, ես ձեզ հավատացնում եմ, միտինգի եկած 100 հազար մարդուց որեւէ մեկը չի ասի` ինձ հաց տվեք, ես դրա համար եմ եկել: Հաց վաստակելու իրավունքի համար են տասնյակ հազարներով գալիս»:
Ա. Մանուկյանը նշեց, որ ոստիկանները, ովքեր հանրահավաքներին խոչընդոտելու հրահանգներ են ստանում, արդեն իսկ հոգեբանորեն իրենց կողմից են, քանի որ ինչպես հասարակության լայն շերտերը, այնպես էլ նրանք դժգոհ են իշխանություններից. «Բոլորս էլ գիտենք, որ շարքային ոստիկանի սառնարանը դատարակ է այնքանով, որքանով ձերը: Ինքն էլ գիտի, որ ձեթի եւ շաքարի գինը բարձրացել է երեք անգամ: Եվ ինքն իր երեխային չի կարող ապացուցել, թե Ներսիկը կամ Բազազը ինձ ասել են, ես էլ պարտադիր պիտի գնամ, կին ծեծեմ, երեխա ծեծեմ»:
Ա. Մանուկյանը հավելեց, որ իրենց հանրահավաքներին գալիս են իշխանական կուսակցությունների շարքային անդամները նույնպես. «Դրա համար է, որ ես ասում եմ` վաղվա պահանջները լինելու են ավելի ռադիկալ, ավելի համարձակ»: