կարևոր
2359 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-10 12:48
Քաղաքական

Եթե «դուխով» գրությամբ գլխարկներ եք կրում, ապա հաղթահարեք վախը ձեր սրտերում ու գնացեք արտահերթ ընտրությունների․ Մանուկ Սուքիասյան

Եթե «դուխով» գրությամբ գլխարկներ եք կրում, ապա հաղթահարեք վախը ձեր սրտերում ու գնացեք արտահերթ ընտրությունների․ Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթն ավագանու նիստին․

Հարգելի՛ երևանցիներ,

Ավագանու անդամներին մանդատներից զրկելու հարցի քննարկումը լեգիտիմ չէ: Դա հետընտրական ընտրակեղծիքի նոր ձև է:

«Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է Երևանում ընտրական իրավունք ունեցողների 9 տոկոսի չափ ձայն կամ ընտրությանը մասնակցածների 30 տոկոսից մի փոքր ավելի ձայն: Այսինքն՝ մոտ 70 տոկոսի չափով ՔՊԿ-ն մերժվել է երևանցիների կողմից, բայց քաղաքական կոռուպցիայի արդյունքում դարձել է իշխանություն:

Մանդատ խլելը և ընտրողների քվեի խեղաթյուրումը ցույց է տալիս, որ Երևանում ունենք ժողովրդի վստահությունը չվայելող իշխանություն, որը թանկացումներից, բյուջեի միջոցների, մեղմ ասած, անարդյունավետ օգտագործումից, անորակ կառավարումից բացի այլ բանով աչքի չի ընկել:

9 տոկոս երևանցիների ձայն ստացած քաղպայմանագիրն ուզում է Երևանը կառավարել: Չի՛ ստացվում ու չի՛ ստացվելու:

ՔՊԿ-ին քվե տվողներին մոլորեցրել են: Երևանի ավագանու 2023թ. ընտրությունների ժամանակ ամպագոռգոռ խոստումներ են տվել ու չեն կատարել: Թաքուն են պահել թանկացումների իրենց պլաններն ու հենց իշխանական աթոռը պահել են, սկսել են թանկացնել գրեթե ամեն ինչ ու տուգանքի մատերիալ սարքել հպարտ քաղաքացուն:

Այսպես հնարավոր չէ երկար շարունակել: Եթե ձեր կարգախոսը «դուխովն» է և «դուխով» գրությամբ գլխարկներ եք կրում, ապա հաղթահարեք վախը ձեր սրտերում ու գնացեք արտահերթ ընտրությունների:

Ինչպես համապետական մասշտաբով Նիկոլ Փաշինյանը խոստացավ Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, խաղաղություն ու բերեց Արցախի հայաթափում և նոր կորուստներ, այնպես էլ քաղաքային մակարդակով է նույն գործելաոճը շարունակվում:

Ասել էիք՝ արագաչափերն ու տեսախցիկները կվերացնենք, ավելացրեցիք: Ասել էիք՝ կոռուպցիա չկա, հիմա նույնիսկ ինքներդ ձեր թիմակիցների կոռուպցիան չեք կարողանում թաքցնել ու ներիշխանական ռազբորկաների արդյունքում ձեր ներքին կեղտոտ սպիտակեղենը հանրության առաջ է հայտնվում: Պարզվում է՝ լավ էլ կոռումպացված եք:

Ասել էիք՝ արժանավորների կառավարում է լինելու, մայրաքաղաքն ու երկիրը թաղել եք վատ կառավարման տակ, ոչ պրոֆեսիոնալիզմը, խնամի-ծանոթ-բարեկամով հարց լուծելն աչք է ծակում:

Ամփոփելով խոսքս: Մանդատների տասովկաները մատնոցֆռցնոցիի վերածելով՝ ցույց եք տալիս, թե իրականում ինչն է ձեզ հետաքրքրում: Միայն իշխանական աթոռը, այլ ոչ թե քաղաքի խնդիրներ լուծելը:

Անկախ այն հանգամանքից, թե ինչ կարծիք ունենք այս կամ այն ուժի գործելաոճի ու դրա ավագանու անդամների մասին, անկախ այ բանից, որ հիշում ենք, թե ինչպես ձևավորվեց այսօրվա քաղաքային իշխանությունը, մենք մանդատներից զրկելու գործընթացը համարում ենք ոչ լեգիտիմ ու չենք մասնակցելու այդ քվեարկությանը: Մնացած մասով թող ժողովուրդը դատի, թե ով ով է և ով ինչի համար է այստեղ հայտնվել: