կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-05 13:15
Հասարակություն

«Ոչ թալանին»-ի պահանջն ուղղված է նախագահին և վարչապետին

«Ոչ թալանին»-ի պահանջն ուղղված է նախագահին և  վարչապետին

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամներ Մաքսիմ Սարգսյանը, Լևոն Զաքարյանը և Արամ Մանուկյանն այսօր լրագրողներին տեղեկացրեցին, որ իրենց նախաձեռնած` հունիսի 19-ին` ժամը 18:30-ին, էլեկտաէներգիայի ապօրինի թանկացման դեմ երթը, այնուամենայնիվ, տեղի է ունենալու, թեև մինչև այդ է հայտարարվելու` էլեկտրաէներգիան թանկանալու է, թե` ոչ:

«Նախորդ երթով մենք տվեցինք պայքարի մեկնարկը, իսկ արդեն 19-ի երթը պահանջատիրական է լինելու: Որևէ տեսակի բանակցությունների և երկխոսությունների չենք գնալու և չենք համաձայնելու էլեկտրաէներգիայի գնի` թեկուզ մեկ լումայով թանկանալուն: Եթե երթից մի քանի օր առաջ կամ հետո ինչ-որ որոշում լինի, մենք պատրաստ ենք կրկին դուրս գալ փողոց և պայքարել մեր իրավունքների համար»,- ասաց Լևոն Զաքարյանը:

Քաղաքացիական նախաձեռնության անդամները նշեցին նաև, որ իրենց պահանջն ուղղված է կոնկրետ անձանց, և այդ անձինք Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն են: «Մեր պահանջը նրանց է ուղղված, քանի որ նախադեպեր կան, որ նրանց մեկ խոսքը կարող է հարցեր լուծել»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը:

«Ոչ թալանին»-ի անդամները նշեցին նաև, որ եթե որևէ քաղաքական ուժ ցանկություն հայտնի մասնակցելու իրենց նախաձեռնությանը, իրենք դեմ չեն լինի: