կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-30 16:11
Իրավական

Վանաձորում սպանված հանդբոլիստի հայրը կասկածում է, որ որդուն սպանողը Կունգուրցևն է

Վանաձորում սպանված հանդբոլիստի հայրը կասկածում է, որ որդուն սպանողը Կունգուրցևն է

2013-ի հոկտեմբերին Վանաձորում տեղի ունեցած` հանդբոլիստի աղմկահարույց սպանության գործով դատաքննությունը շրջադարձային փոփոխություն է ստանում:

Նշենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործով ավարտվել է վկաների հարցաքննության փուլը, և դատարանն անցել է գործով եղած ապացույցների հետազոտմանը:

Նախորդ դատական նիստում սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցևի պաշտպան Արայիկ Պապիկյանն ապացույցների վերբերյալ 30-ից ավելի միջնորդություններ է ներկայացրել դատարանին: Նախորդ դատական նիստում հետազոտվել է նաև տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես է Կունգուրցևը հրապարակով քայլում, և նրա մոտով տղաների խումբ է վազելով  անցնում:

«Տեսանյութը հետազոտվել է և, ըստ էության, հիմնավորվել է, որ Կունգուրցևը որևէ առնչություն չունի դեպքի հետ»,- yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Պապիկյանը և հավելեց, որ դա դիտելուց հետո մահացած տղայի հայրը՝ տուժողի իրավահաջորդ Հակոբ Հովակիմյանը, ասել է, որ եթե մինչ այդ կասկածում էր, որ հնարավոր է` Կունգուրցևը կապ ունի կատարվածի հետ,  ապա այժմ գրեթե կասկած չունի, որ Կունգուրցևն առնչություն չունի որդու սպանության հետ:

«Հակոբ  Հովակիմյանը դատախազին ասաց՝ սա՞ է Ձեր ապացույցը, եթե սա է` Դուք ապացույց չունեք»,- ասաց Պապիկյանը:

Պաշտպանը նաև ուշադրություն հրավիրեց վկաների ցուցմունքների վրա: Նրա խոսքով՝ նախաքննության ընթացքում 4 վկա հայտնել է, որ ներկա են եղել և տեսել սպանությունը,  սակայն դատաքննության  ընթացքում 4-ից երեքը հայտնեցին, որ ստել են, և որ նախաքննության ընթացքում քննիչների ուղղորդմամբ են նման ցուցմնունք տվել:

«Դատարանում երեխաները  հայտնեցին, որ քննչական բաժնում նկարներ են ցույց տվել և ուղղորդել, որ Կունգուրցևին ցույց տան»,-ասաց Պապիկյանը և հավելեց, որ միայն վկաներից մեկն է պնդել իր նախաքննական ցուցմունքը, որը հակասություններով է եղել:

«Մեկը նախաքննության ժամանակ ասում էր, որ տեսել է, որ Կոնգուրցևը աջ ձեռքով խփեց, իսկ դատաքննության ընթացքում ասում է, թե ձախ ձեռքով է խփել: Նրա ասածներն անգամ դատախազի մոտ կասկածելի թվացին»,- ասաց նա: Նշենք, որ այս գործով 20-ից ավելի վկաներ հայտարարել են, որ չեն տեսել և չեն ճանաչում ամբաստանյալին:

Պաշտպանը նաև նշեց, որ նախաքննական մարմինը՝ քննիչն ու քննչականի պետը, օրենքի խախտում են կատարել՝ անչափահասներին հարցաքննելիս նրանցից սուտ ցուցմունք տալու համար ստորագրություն են վերցրել, մինչդեռ անչափահասների դեպքում օրենքը նման բան չի նախատեսում: Փաստաբանը նշեց, որ եթե մեղադրողն օբյեկտիվ լինի, նա պետք է հաջորդ դատական նիստին մեղադրանքից հրաժարվի:

«Պարզապես ապացույց չունեն, մնացել է մեկի ցուցմունքը, սակայն նրա 7 թիմակիցները ցույցմունք են տվել, որ Դավիթը մենակ է եղել և որ Կոնգուրցևին չեն տեսել»,- ասաց նա:

Նշենք, որ, համաձայն մեղադրանքի, Կարեն Կունգուրցևը 2013-ի հոկտեմբերի 12-ին` ժամը 18-ի սահմաններում, կենցաղային հողի վրա վիճաբանել է և ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ մասին` նրան պատճառել մարմնական վնասվածքներ, իսկ երբ վերջինիս ընկերները օգնության են հասնել, Կ. Կունգուրցևը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 5-ին: