կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-25 17:20
Իրավական

Արդարացված, սակայն Վերաքննիչի վճռով դատապարտված Կունգուրցևի որդին կրում է սպանված հանդբոլիստի անունը

Արդարացված, սակայն Վերաքննիչի վճռով դատապարտված Կունգուրցևի որդին կրում է սպանված հանդբոլիստի անունը

2013-ին Վանաձորում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի աղմկահարույց սպանության գործով արդարացված, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վճռով դատապարտված Կարեն Կունգուրցևը բաց նամակ է հղել կալանավայրից՝ մեղադրելով իր նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացրած Վերաքննիչ դատարանի երեք դատավորներին:

«Իմ ապօրինի ազատազրկման մեղավորը Վերաքննիչ դատարանի դատավորներ Մանուշակ Պետրոսյանը, Մհեր Արղամանյանը և Մխիթար Պապոյանն են: Նրանք պատվերով խորտակում են իմ ճակատագիրը, թաքցնում են 15-ամյա Դավիթի սպանություն կատարողին, նրանք խորտակում են նաև իմ 2 ամսական Դավիթի ճակատագիրը: Ես անմեղ եմ, իրենք լավ գիտեն, բայց «մեղավոր եմ», որ չունեմ հովանավոր և կաշառքի փող»,-գրել է Կունգուրցևը:

2016թ-ի ապրիլի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացված Կարեն Կունգուրցևը օրեր առաջ՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել Դավիթ Հովակիմյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման:

«Արդարացման դատավճռից կարճ ժամանակ անց Կունգուրցևն ամուսնացավ՝ սովորական կյանք վերադառնալու ակնկալիքով, ընդ որում տղայի անունը դրել էր մահացած հանդբոլիստի՝ Դավիթի անունով: Կունգուրցևը մտածում էր, որ վերջ, ազատվեց, արդեն նորմալ կյանքով կապրի, բայց Վերաքննիչն ակնհայտ ապօրինի վճիռ կայացրեց»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Կունգուրցևի պաշտպան Արայիկ Պապիկյան ու հայտնեց, որ Վերաքննիչ դատարանի վճռը ստանալուց հետո այն կբողոքարկեն ՀՀ վճռաբեկ դատարանում:

«Հույս ունենք, որ Վճռաբեկը վարույթ կընդունի գործը, եթե ոչ՝ կդիմենք Եվրոպական դատարան»,-ասաց նա:

Նշենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած արդարացման դատական ակտի դեմ բողոք էր ներկայացրել մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը: Հիշյալ դատախազը Կունգուրցևի համար առաջին ատյանում 9.5 տարվա ազատազրկում էր պահանջել: Այդ ժամանակ դատախազի առաջարկած պատժաչափին դեմ էր արտահայտնվել նաև սպանված հանդբոլիստի իրավահաջորդը՝ համարելով, որ Կունգուրցևը պետք է արդարացվի:

Ուշագրավ է, որ արդարացումից հետո Կունգուրցևի դեմ մեկ այլ քրեական գործ էր հարուցվել՝ 2016 թվականի մարտի 18-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազ Վ. Դոլմազյանին հայհոյելու և վիրավորելու համար: Փաստորեն ամբաստանյալից վիրավորված դատախազն ի վերջո հասավ իր նպատակին և Կունգուրցևն, այնուամենայնիվ, ազատազրկման դատապարտվեց:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցևը 2013թ. հոկտեմբերի 12-ին` ժամը 18-ի սահմաններում, կենցաղային հողի վրա վիճաբանել և ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանին` կրծքավանդակի ձախ կեսի շրջանում` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն Հովակիմյանի ընկերների կողմից օգնության հասնելուց հետո Կ. Կունգուրցևը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է: