կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-31 11:52
Քաղաքական

«ԱԺ աշխատակազմի վրա չեմ կասկածում, կառավարության վրա եմ կասկածում». կառավարության առաջարկը ԱԺ չի հասել

«ԱԺ աշխատակազմի վրա չեմ կասկածում, կառավարության վրա եմ կասկածում». կառավարության առաջարկը ԱԺ չի հասել

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվում է «Ելք» խմբակցության ներկայացրած` «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը: Նշենք, որ հարցը քննարկվելու է լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ: Հիմնական զեկուցող` «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ միայն մեկ փոփոխություն է արվել:

«Այն անձանց, որոնց մուտքը խաղատուն դատարանի վճռով արգելված է, 300 հազարի փոխարեն տուգանել 500 հազարով: Մենք սկզբում նշել էինք 300 հազար, հիմա որոշել ենք ավելի խստացնել»,- ասաց նա:

Հարցով հարակից զեկուցող` ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը նշեց, որ կառավարությունն արել է մի շարք առաջարկություններ, ու սկսեց թվել դրանք:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, դիմելով փոխնախարարին, հայտնեց, որ իրենք ոչ մի առաջարկություն չեն ստացել: «Եթե կառավարությունն ուղարկել է առաջարկվող դրույթները, բա ո՞ւր են դրանք, ինչո՞ւ չենք ստացել»,- հարցրեց նա:

Թամազյանը շտապեց արդարանալ. «Գուցե աշխատակազմից չեն ուղարկել հանձնաժողով»:

Հարությունյանն էլ իրավիճակը շտկելու համար առաջարկեց, որ մյուս շաբաթ լիագումար նիստը սկսելուց մի օր առաջ` երկուշաբթի առավոտյան, հանդիպեն և քննարկեն կառավարության առաջարկները:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ հենց Խոսրով Հարությունյանը նիստի սկզբում նշեց, որ թերացումներ չպետք է լինեն: «Նախագիծն առաջին ընթերցմամբ ստացվել է, ինքնաբացարկի ինստիտուտը հանել ենք կառավարության առաջարկով, կոմպրոմիսի ենք գնացել: Իբր մի հատ թուղթ ենք ստացել` առաջարկների, բայց իրականում ոչ ոք էլ չի ստացել: Սենց ո՞նց կլինի»,- ասաց նա:

Մարուքյանը նաև ընդգծեց, որ ԱԺ աշխատակազմին չի կասկածում: Աշխատակազմից էլ շտապեցին հայտնել, որ իրենք նման փաստաթուղթ չեն ստացել:

«Ես մեր աշխատակազմի վրա չեմ կասկածում, ես կասկածում եմ կառավարության վրա: Ես այս շենքի ոչ մի աշխատողի վրա չեմ կասկածում, հետևաբար` ես ընդամենը ուզում եմ հասկանալ` ի՞նչ էր ընթերցում փոխնախարարը»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Ի վերջո, համաձայնության եկան` որպեսզի նախագիծը չտուժի, կառավարության առաջարկները հանձնաժողովը քննարկի երկուշաբթի առավոտյան:

«Ես ցավում եմ ու խոստանում եմ պարզել, թե որ օղակի թերացման արդյունքն էր սա, և կհասնեմ նրան որ այդ օղակը պատժվի, եթե կա այդպիսի օղակ»,- խոստացավ Հարությունյանը: