|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երեկ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Կամերային երաժշտության տանը կայացավ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի մենահամերգը, որի խորագիրն էր «Կոմիտասի երկրում»: Համերգի ընթացքում կատարումներով հանդես եկավ նաև հայ օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը: Համերգը կազմակերպել էր ՀՀ Սփյուռքի նախարարությունը:
ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց, որ Տակահիրո Ակիբան, ապրելով հեռավոր Ճապոնիայում , փաստորեն, այնքան է տարվել հատկապես կոմիտասյան մեղեդիներով, որ դարձել է դրանց կատարողը Գերմանիայում` Կոմիտասին նվիրված փառատոնին առաջին պատվավոր տեղը նվաճելով, իսկ այսօր Ճապոնիայում կոմիտասյան արվեստի քարոզչությամբ զբաղվող կազմակերպություն է ստեղծում: «Սա արվեստագետի նվիրում է, հայ ժողովրդի հանդեպ ակնածանքի արտահայտում»,- ասաց փոխնախարարը:
Կարևորելով Արաքս Մանսուրյանի գործունեությունը` նա նշեց. «Ազգը հարուստ է, որ ունի Ձեզ նման անհատականություններ, որովհետև Ձեր արվեստով, Ձեր ազգաշահ գործունեությամբ դաս և օրինակ եք շատ-շատերի, հատկապես՝ երիտասարդ սերնդի համար, և ոչ միայն հայ: Դրա վկայությունը նաև այս օրն է»:
Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները:
Ներկայացնում ենք Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործությունը` Մանսուրյանի և Ակիբայի կատարմամբ: