կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-27 20:30
Մշակույթ

Կոմիտասի 150 ամեակ. այլազգի անուանի երաժիշտները` Կոմիտասի մասին

Կոմիտասի 150 ամեակ. այլազգի անուանի երաժիշտները` Կոմիտասի մասին

1869թ.-ի սեպտեմբերի 26-ին աշխարհ եկաւ հայ ժողովրդի հանճար Կոմիտասը: Մշտապէս վառ պահելով նրա լոյս յիշատակը եւ խոնարհելով նրա անմահ ստեղծագործութեան առջեւ` ընթերցողին կը ներկայացնենք Եւրոպայի մեծանուն երաժիշտների բարձրագոյն գնահատանքի խօսքը մեր հանճարի մասին:

ԴՈԿՏ. ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

***

Եթէ Կոմիտասը գրէր միայն իր հանճարեղ «Անտունին», այդ էլ բաւական կը լինէր նրան մեծագոյն արուեստագէտ համարելու: Ես կը խոնարհուեմ Կոմիտասի առջեւ:

ԿԼՈՏ ՏԵԲԻՒՍԻ (Ֆրանսա)

***

Այդ համերգը (1906թ., Փարիզ) մի յեղաշրջում էր եւ իր յայտնութեամբ զարմացրեց մեզ: Եզակի էր իր տեսակին մէջ: Սքանչելի քաղցրահունչ, խորապէս յուզական մեղեդիները նրբակերտ են, ճկուն ռիթմերը` ազդեցիկ: Հարուստ երաժշտութիւն է դա, կարծէք հէնց սրտի խորքից խօսելիս լինի` որպէս վճիտ, արեւաշող հոսանք: Նրա մէջ փայլատակում է արեգակը, դա երկնային ոսկեփայլ լոյս է: Կոմիտասի հոգին պահպանել է իր ընդերքում ժպտադէմ իր երկրի հարազատ հողի մաքրութիւնը, նրա սէրն ու հաւատը` դէպի լուսաւոր ապագան: Կոմիտասի երգերը հիասքանչ, հոտաւէտ, պայծառ ծաղիկներ են:

ԼՈՒԻ ԼԱԼՈՒԱ (Ֆրանսա)

***

Ես կը զարմանամ Կոմիտասի արտակարգ տաղանդի վրայ: Խորապէս թափանցելով ժողովրդական երգին էութեան մէջ, նա այդ երգերը ներդաշնակած է հազուագիւտ ճաշակով եւ ճշգրտութեամբ: Կոմիտասը եզակի մի դէմք է:

ՎԵԼԵՇ ԷԿՈՆ (Աւստրիա)

***

Կոմիտասի ծառայութիւնները հայ երաժշտութեանը հսկայական են: Նրա սքանչելի ստեղծագործութիւնները դուրս եկան իր հարազատ Հայաստանի սահմաններից, դարձան համաշխարհային երաժշտական մշակոյթի գանձն ու հպարտութիւնը: Կոմիտասը ոչ միայն երաժշտահան է, նա նաեւ ականաւոր երաժշտագէտ է, հիանալի ազգագրագէտ: Սրբութեամբ յարգելի է Կոմիտասի յիշատակը: Նրա երաժշտութիւնը ապրում է եւ յաւերժ կ՛ապրի:

ԴՄԻՏՐԻ ՇՈՍՏԱԿՈՎԻՉ (Ռուսաստան)

***

Կոմիտասը իր հանճարով շարունակում է մնալ այսօրուայ մէջ եւ օրէցօր աւելի ու աւելի է խուժում վաղուայ օրուայ մէջ: Նրա կեանքի վերջին օրը դարձաւ նրա անմահութեան օրը: Դա մեծ երջանկութիւն է, որ վիճակւում է քչերին` նրանց, որոնք իրենց կենդանութեան օրօք կարողանում են մարմնաւորել իրենց ժողովրդի կեանքը: Այդպիսին է մեծ Կոմիտասը: Այն ամէնը, ինչ նա արել է, իսկական արուեստի, մեծ մտքերի եւ խոր զգացմունքների տիպար է: Կոմիտասի երաժշտութեան մէջ չկայ ոչ մի աւելորդ հնչիւն, ոչ մի աւելորդ միտք եւ ոչ մի աւելորդ զգացում: Նրա երաժշտութիւնը բացառիկօրէն կատարեալ է: Սրանում է Կոմիտասի մեծութիւնը:

ԴՄԻՏՐԻ ԿԱԲԱԼԵՒՍԿԻ (Ռուսաստան)

***

1914թ.-ին Փարիզի երաժշտական համաժողովում, ուր հաւաքուել էին աշխարհի ականաւոր, առաջատար երաժշտագէտները, Կոմիտասը հայ ժողովրդական ու հոգեւոր երգերից մի սքանչելի համերգ տուեց` հիացնելով ներկայ եղող երաժիշտներին: Համերգից բացի` ժողովրդական երաժշտութեան մասին նրա դասախօսութիւնները այդ համագումարին ամէնից թանկագինը եղան: Երբ Կոմիտասը դաշնամուրի մօտ նստեց` մեղմօրէն երգելու հայկական երգ, ունկնդիր հասարակութիւնը քարացած մնացել էր լուռ, եւ այնտեղ տիրեց այն վեհապանծ հմայքը, գերագոյն գեղեցկութիւնը, որ բխում է հայկական երաժշտութիւնից:

ՖՐԵԴԵՐԻԿ ՄԱԿԼԵՐ (Ֆրանսա)

***

Կոմիտասը աննման վարպետ է: Նրա դաշնակումը աներեւակայելի բարձր մակարդակի է, նրա մեներգների եւ խմբերգների շարահիւսումները` սքանչելի:

ԱԼՈՒՍ ՄԵԼԻԱՇ (Գերմանիա)

***

1899թ.-ին Պերլինի միջազգային ընկերութեան սրահում Կոմիտասի կարդացած դասախօսութիւնները հայ հոգեւոր եւ ժողովրդական երաժշտութեան մասին պիտի մնան անմոռանալի: Առաջին անգամ է, որ Պերլինում այդպիսի դասախօսութիւն է կարդացւում: Կոմիտասը մեծագոյն տաղանդ է:

ՕՍԿԱՐ ՖԼԱՅՇԼԷՐ (Գերմանիա)

***

Կոմիտասը իր ժողովրդի հանճարն է: Նրա անունը սրբութիւն է բոլոր ժամանակների համար: Նրա իմաստուն եւ նուրբ, ուժեղ, խոր, ինչպէս իր ժողովրդի հոգին, ստեղծագործութեան բիւրեղեայ մաքրութիւնը բարձր են գնահատւում աշխարհի երաժիշտների կողմից: Ես խոնարհւում եմ Կոմիտասի պայծառ յիշատակի առջեւ:

ԱՆԴՐԷՅ ԷՇՊԱՅ (Ռուսաստան)

***

Երգի համաշխարհային տաղանդ է Կոմիտասը: Նա բազմակողմանի երաժիշտ ու գիտնական է, այն բացառիկ դէմքերից, որոնք էական դեր են կատարում իրենց ժողովրդի հոգեւոր կեանքում: Մենք լսեցինք նրա խմբերգները, որոնք ցնցեցին մեզ: Դրանք այնպիսի հազուագիւտ գոհարներ են, վարպետութեան այնպիսի փայլով գրուած, ունեն ազգային այնպիսի բուրմունք եւ մարդկային խորութիւն, որ կարող են սուրբ աւետարան լինել ոչ միայն հայ, այլեւ բոլոր ազգերի երաժիշտների եւ երաժշտասէրների համար:

Կոմիտասի գործն անմահ է ոչ միայն նրա անկրկնելի երգերով, այլեւ` իր սքանչելի արդիւնքով, որ ժամանակակից հայ երաժշտութիւնն է: Եւ մենք յարգանքով ու սիրով, մեր ամբողջ երկրի երաժշտական մշակոյթի կողմից, խոնարհւում ենք մեծ Կոմիտասի անունի առջեւ:

ՏԻՒԽՈՆ ԽՐԵՆՆԻԿՈՎ (Ռուսաստան)

Ազդակ