Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր երեկոյան «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում տեղի կունենա համերգ` նվիրված Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անվանի օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը նշեց, որ քանի որ այս տարի եղբոր` Տիգրան Մանսուրյանի համար հոբելյանական տարի է, որոշել է ինքն էլ մասնակցություն ունենալ: Երգչուհին Հայաստան է ժամանել իր երեք աշակերտների հետ, որոնք նույնպես մասնակցելու են համերգին: Նրանք կներկայացնեն հայկական գործեր:
«Շատ դժվար էր նրանց համար հայերեն սովորել, քանի որ հայերենը հեշտ լեզու չէ, բայց նրանց ասել եմ, որ չեն կարող երգը հոգով երգել, եթե բառերը չհասկանան: Նրանք կկատարեն Տերյանի, Սահյանի վոկալ շարքերը, ինչպես նաև Քուչակի հայրենները»,- ասաց Մանսուրյանը:
Խոսելով ստեղծագործական կյանքի մասին` Մանսուրյանը նշեց, որ հիմա դժվար շրջան է իր համար, քանի որ աշակերտների թիվը տարեցտարի ավելանում է, ինչը խանգարում է իրեն երգել: Ըստ նրա` պետք է կարգավորել` կա'մ դասավանդել, կա'մ զբաղվել երգով, բայց առաջիկայում պետք է փորձի համատեղել, քանի որ քայլը վաղուց է արվել:
Մանսուրյանի հետ Հայաստան ժամանած երգիչներից Ջանգ Հոնգշին /Չինաստանից/ նշեց, որ սկզբում հայերեն սովորելը շատ բարդ ու անանցանելի է թվացել իրեն, բայց երբ սկսել է Տիգրան Մանսուրյանի գործերը սովորել, իր և հայերենի միջև «սառույցը կոտրվել է»: «Կոմիտաս, Մանսուրյան... Հպարտ եմ, որ նրանց գործերի հետ եմ ծանոթացել ու պետք է հենց հայերենով ներկայացնեմ նրանց ստեղծագործությունները: Ամեն անգամ փշաքաղվում եմ Տիգրան Մանսուրյան կատարելիս»,- ասաց նա:
Մանսուրյանի մյուս աշակերտը` Ջորջիա Քոքորիսը, նշեց, որ Մանսուրյանի գործերը կատարելու համար պետք չէ շոու սարքել, նրան պետք է արյան կանչով կատարել: «Ինձ համար կարևոր էր հայկական երաժշտությունը ներկայացնել հայերենով, քանի որ այդպես զգացողություններն ավելի իրական են դառնում»,- նշեց երգչուհին:
Հոկտեմբերի 18-ին ԼՂՀ-ում նույնպես Արաքս Մանսուրյանն իր աշակերտների հետ հանդես կգա համերգով` կրկին նվիրված մաեստրոյի ծննդյան հոբելյանին:
Ի դեպ, ասուլիսից հետո, երբ Արաքս Մանսուրյանին խնդրեցինք մի փոքր հատված կատարել Մանսուրյանի գործերից, ասաց. «Ոչ, չեմ կարող, խնդրում եմ, մի' ասեք: Չեմ հանդգնի Մանսուրյանի գործերին «ձեռք տալ»»: