Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում տեսակետ է հայտնել սահմանադրական փոփոխությունների, հայ-թուրքական արձանագրությունների, ինչպես նաև հայաստանյան ներքաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ:
Yerkir.am-ի հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը կոնկրետ ո՞ւմ նկատի ուներ` «հովանավորչական կառավարում իրականացնողներ» ասելով, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց, որ նմանատիպ բաներ ասելիս պետք է ավելի կոնկրետ խոսել, որպեսզի տարակարծություններ չլինեն:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, թե շատ ավելի հավանական է, որ խորհրդարանական կառավարման մոդելը հանգեցնի Հայաստանում արմատավորված ու նրա դժբախտություններից մեկը հանդիսացող հովանավորչական կառավարման:
«Նմանատիպ բաներ ասելիս ցանկալի է նաև, որ բացեն այդ ասածները, որպեսզի հասարակության մեջ ավելի պարզ լինի ամեն ինչ: Հիմա ամեն մեկս մեր հերթին պետք է մեր երևակայության շրջանակներում փորձենք հասկանալ՝ ինչ է ուզում ասել նա: Ինքն այն մարդն է, որ որևէ խնդիր չունի և կարող է շատ բաց ու կոնկրետ ասել, որ մենք էլ հասկանանք: Ես երբ ընթերցեցի այս հարցազրույցը, որևէ մեկի վրա չկենտրոնացա»,- նշեց ՀՀԿ-ականը:
Մեր հարցին, թե Ռոբերտ Քոչարյանն արդյո՞ք Հանրապետական կուսակցությանը նկատի ուներ, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Ինքն էնտեղ ակնարկում է` կուսակցությունների հետ կապված, բայց էլի եմ ասում` ակնարկելն ուրիշ բան է, կոնկրետ ասելը՝ ուրիշ: Չեմ կարող կոնկրետ ասել, որ Հանրապետականին է ակնարկում, բայց քանի որ իշխանությունը ՀՀԿ-ինն է, մարդիկ փորձում են անընդհատ անարգել հենց այդ կուսակցությանը: Լավ կլիներ՝ ակնարկելու փոխարեն կոնկրետ բաներ ասել, որ ավելի պարզ ու ընթեռնելի լինի մարդկանց համար»:
Սուքիաս Ավետիսյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին դիտարկումներին: «Հայ-թուրքական արձանագրությունների մասին էլ ասեմ, որ այստեղ ևս կա ակնարկ: Քոչարյանի հարցազրույցում խոսվում է նաև ստորագրությունների հետ կանչման մասին: Մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ դա հանրապետության նախագահի որոշելիքն է, և կարծում եմ, որ նրանից շատ ոչ մեկն ավելի լավ չի պատկերացնում այդ ամենը և չի կարող նրանից ավելի լավ վերլուծել, հասկանալ և որոշում կայացնել»,- ասաց նա: