Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Կինոյի մասին օրենքն անհրաժեշտություն է. կարծում է դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ ամենևին էլ տեղյակ չէ, թե ովքեր են կինոյի մասին օրենքի հանձնաժողովում աշխատում և առանձնապես ինչի վրա է շեշտը դրվում: Ըստ Պողոսյանի` այսօր կինո նկարում է նա, ով գումար է հայթայթում, իսկ արժանավորները մնում են ստվերում:
«Մենք հոգնել ենք գումար հայթայթելու համար դռներ թակելուց, և հույս ունեմ, որ մի օր էլ մեր դուռը կթակեն և կասեն, թե լավ սցենար ունեն և ուզում են, որ մենք այն կյանքի կոչենք կամ նկարահանվենք այնտեղ»,- ասաց Պողոսյանը։
Նրա կարծիքով` մեր շուրջն ապրում էին մարդիկ, որոնց պետք էր ճիշտ «օգտագործել», հիմա էլ այդ ուշադրությունը չկա ժամանակակիցների հանդեպ: «Լավագույններն այսօր գնում են՝ Ջանիբեկյան, Ջհանգիրով... և իրենց տաղանդն էլ իրենց հետ տանում են: Նրանց փոխարեն մեր գլխին խուտուտչիների մի տարափ է թափվել: Վերջերս գնացել էի այդքան աղմուկ հանած «Սուպեր մամա»-ն դիտելու, 15 րոպե հետո փախա դահլիճից, ինչի՞ մասին է խոսքը»,- նշեց Պողոսյանը:
Ըստ նրա` նման ֆիլմերը լավագույն տեսախցիկներով են նկարահանվում, և դրանց որակը /տեխնիկական առումով/ բարձր է լինում և, ցավոք, արդեն չափանիշ ստեղծում:
«Այսօր, դեպուտատներից բռնած, ֆիլմ են նկարում: Կարծում եմ, որ կինոյի մասին օրենքը պետք է մի մարտավարական ծրագիր լինի, որը կկարգավորի դաշտը, թե չէ` ով փող ունի, իր պապի մասին կինո է նկարում: Առանձնապես մեծ հույսեր չունեմ, որ օրենքն արտոնյալ պայմաններ կստեղծի լավագույնների համար, մեկ է` անհատը, եթե ուզում է ֆիլմ նկարել, նա ամեն գնով անում է դա»,-ասաց Միքայել Պողոսյանը: