Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, թե Շիրակի մարզն առանձնապես ընդդիմադիր մարզ չէ, սակայն փոքր-ինչ ընդդիմադիր տրամադրվածություն կա Գյումրիում:
Հարցին՝ ինչի՞ց ելնելով, ո՞ր հանգամանքները նկատի ունենալով եք հայտարարել, որ Շիրակի մարզը «այո» է ասելու սահմանադրական փոփոխություններին, և արդյո՞ք իրավունք ուներ խոսելու ամբողջ մարզի անունից, Ցոլակյանն արձագանքեց. «Եթե ես չխոսեմ, ո՞վ խոսի: Ես նման եզրակացություններ անում եմ՝ ժողովրդի մեջ եղած տրամադրություններից ելնելով»:
Հարցին ի պատասխան, թե վարչական լծակներն օգտագործելո՞ւ է սահմանադրական փոփոխությունների «այո»-ն ապահովելու համար, մարզպետը խնդրեց հստակեցնել, թե ո՞րն է իր վարչական ռեսուրսը: Հստակեցմանը, թե կարող է իր ենթականերին համոզել, որ կողմ քվեարկեն, մարզպետն արձագանքեց, որ երկու կողմերն էլ, այսինքն` «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցները քարոզարշավ են անելու, ամեն մեկն իր կարծիքն է ներկայացնելու, և ում կհաջողվի համոզել ժողովրդին, նա էլ կհաղթի:
«Այսօրվա մարդը տարբերվում է նրանով, որ գնում, հասնում է խցիկի մոտ և իր ցանկացածն անում է: Ես ասում եմ, որ այդ սոցհարցումը, հավանաբար, ունեցել է ուղղվածություն, որը ցույց է տվել, թե իբր Շիրակի մարզն է ամենաընդդիմադիրը»,- ասաց նա:
Ի դեպ, մարզպետը չհամաձայնեց այն մտքին, թե այս փոփոխությունները փորձադաշտ են մարզպետերի համար, որ եթե ինքը չապահովի համապատասխան ձայներ, կարժանանա նախկին մարզպետ Գիզիրյանի ճակատագրին: «Ես տենց բաներ չեմ մտածում, դա մտածելու բան չէ: Ինչի՞ պետք է հեռանամ, ի՞նչ է եղել: Չի լինի, այդ ժամանակ կտեսնենք, կխոսենք: Ամսի 6 կա, ամսի 6-ը կգա և դրանից հետո կխոսենք, էլի, փախա՞նք»,- ասաց Ցոլակյանը: