կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-27 17:58
Քաղաքական

Փաշինյանը րոպե առ րոպե կորցնում է իշխանությունը, պետական համակարգը քայքայված է. Իշխան Սաղաթելյան

Այս պահին մեր գլխավոր նպատակը մեր երկրի ապագան է և մենք այս սրիկային աթոռից հեռացնելու ենք. այս մասին այսօր Մ. Բաղրամյանի պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին ունեցած ելույթից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:


«Բազմաթիվ անգամ ասել ենք և ևս մեկ անգամ կրկնում ենք՝ մեր բոլորիս գլխավոր նպատակը այս դավաճանին հեռացնելը չէ, այլ մեր երկրի ապագան է, մենք մեր երկիրը անկայունության չենք տանելու և այս սրիկային հեռացնելու ենք անցնցում, արագ և արդյունավետ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը հավելեց՝ մեկ ժամ անց պարզ կդառնա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պատասխանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման վերաբերյալ:

«Ընդամենը մեկ ժամ հետո լրանում է ժամկետը, երբ հանրապետության նախագահը պետք է հայտնի իր դիրքորոշումը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման վերաբերյալ, երեկ մենք հանդիպեցինք Հանրապետության նախագահի հետ և ներկայացրեցինք ժողովրդի պահանջը: Շատ  հստակ պահանջեցինք՝ նախագահը պետք է տեր կանգնի Սահմանադրությանը և լինի ժողովրդի կողքին, տուրք չտա այդ դավաճանի շանտաժներին»,- ասաց նա:

Նա նաև նշեց՝ ՀՀ նախագահի պատասխանից են կախված « Հանուն հայրենիքի փրկության շարժման» հետագա գործողությունները: Իշխան Սաղաթելյանը հավելեց՝ ժողովուրդը այս պահին պետության ողնաշարն է և հենց ժողովուրդը պետք է թույլ չտա, որ Հայաստանը գնա կործանման:

«Մեկ  ժամ անց մենք միասին կպլանավորենք մեր հաջորդ քայլերը: Հստակ իմացեք՝ դուք այս պահին մեր պետության ողնաշարն եք, և ձեր ներկայությամբ պահում եք մեր հայրենիքը, նահանջ չի լինելու, քանի որ մեր նահանջը պետականության կործանումն է և մենք միասին կառուցելու ենք մեր երազած հայրենիքը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Ճեպազրույցի տեսագրությունն ստորև.