կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-08 11:52
Մշակույթ

Դժվար է կրունկների վրա քայլել ու ավելին` դրանցով վազել. «Սուպեր մամա»

Դժվար է կրունկների վրա քայլել ու ավելին` դրանցով վազել. «Սուպեր մամա»

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա հայկական նոր կինոկատակերգության՝ «Սուպեր մամա» ֆիլմի պրեմիերան:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆիլմի պրոդյուսեր, սցենարի համահեղինակ և գլխավոր դերակատար Հայկ Մարությանը նշեց, որ այն դրամայի էլեմենտներով ռոմանտիկ կատակերգություն է:

 

«Ուզում էինք հումորի միջոցով ինչ-որ խնդիր վերհանել և դրան տալ լուծում: Ֆիլմի ստեղծման մտահղացումը ծագել է դեռ մեկ տարի առաջ, նկարահանման աշխատանքները տևել են 45 օր, նկարահանումներն իրականացվել են Երևանում և Դիլիջանում: Ֆիլմի բյուջեն կազմել է 250 000 ԱՄՆ դոլար»,- ասաց Մարությանը:

 

Խոսելով այն մասին, որ ֆիլմն ասոցացվում է «Բիգ մամա» ֆիլմի հետ, նա նշեց, որ երկու ֆիլմերն էլ միայն մեկ ընդհանրություն ունեն` տղամարդու կերպարանափոխությունը կնոջ: «Ուրիշ ոչ մի առնչություն չունեն: Ինչ վերաբերում է իմ դերին, իրականում դժվար էր մարմնավորել կնոջ կերպար, դժվար կրունկների վրա քայլել կարողանալ ու ավելին` դրանցով վազել»,- ասաց Մարությանը:

 

Հումորիստ Գարիկ Պապոյանն առաջին անգամ է նկարահանվել ֆիլմում` «Սուպեր մամա»-ում, նա մարմնավորում է «վատ տղայի» դեր:

 

«Կինոն ինձ համար նոր աշխարհ էր, որը շատ հետաքրքրեց ինձ: Գիտե՞ք` ի՞նչն էր դժվար` երբ բեմում եմ, անընդհատ հանդիսատեսի արձագանքն եմ զգում` ծափողջյունների ու ծիծաղի տեսքով, իսկ ֆիլմում, բնականաբար, այս ամեն չկար, ու ես չգիտեի` լա՞վ, թե՞ վատ եմ խաղում»,- ասաց Պապոյանը:

 

Ֆիլմի գլխավոր դերերում են Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը, Անի Խաչիկյանը: Սցենարի հեղինակն է Վարդան Զադոյանը, համահեղինակը` Հայկ Մարությանը: