կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-02 14:43
Հասարակություն

Կառավարությունում քննարկվեց մեռելոցների հարցը. ներկա էր նաեւ հոգեւորական

Կառավարությունում քննարկվեց մեռելոցների հարցը. ներկա էր նաեւ հոգեւորական

Ապրիլի 6-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվելու է ապրիլի 11՝ շաբաթ օր: Այդ որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Նշենք, որ ապրիլի 5-ին նշվում է Սուրբ Զատիկը, որին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:

 

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ հասարակությունում կան տարբեր կարծիքներ, ոմանք աջակցում են այդ որոշմանը, սակայն կան նաև մարդիկ, ովքեր համարում են, թե տնտեսական զարգացման այս պայմաններում դա խաթարում է տնտեսական ակտիվությանը։ Հատկապես` դեմ են խոշոր ձեռնարկատիրությունները, որոնց աշխատանքը կապ ունի այլ երկրների հետ:

 

Ըստ Դավիթ Հարությունյանի` այս հարցը շատ ավելի լուրջ ուսումնասիրություն է պահանջում, և վարչապետը հանձնարարել է Հայ Առաքելական եկեղեցու հետ համատեղ կատարել ուսումնասիրություն, որպեսզի հիմնավորված որոշում կայացնեն:

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելացրեց նաև, որ քանի որ ԵՏՄ երկրներում շաբաթ և կիրակի օրերը ոչ աշխատանքային են, ապա Հայաստանում երկուշաբթին ոչ աշխատանքային դարձնելը՝ շաբաթ օրով փոխարինելը, արդյունավետության առումով դրական չի լինի: Նա նշեց, որ իրենք ևս կարծիք են հայտնել, թե այս տնտեսական լարվածության պայմաններում դա կխաթարի աշխատանքին:

 

Կառավարությունը խոսք տրամադրեց նաև Արշակ սրբազանին: Հիշեցնելով, որ կան հինգ տաղավար տոներ՝ նա անդրադարձավ 2008 թվականին ընդունված կառավարության որոշմանը, ըստ որի՝ տաղավար տոներին հաջորդ աշխատանքային օրերը վերաբաշխվել են, և մարդկանց հնարավորություն է տրվել մեռելոց օրերին այցելել գերեզմաններ: Սրբազանն ասաց, որ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները կազմում են բնակչության 96 տոկոսը, և կոչ արեց այդ մարդկանց հնարավորություն տալ մեռելոցներին այցելելու գերեզմաններ: «Ես նախագիծ չեմ ներկայացրել, բայց կոչ եմ անում այն ընդունել»,- հավելեց նա:

 

Վարչապետը նշեց, որ թեև քննարկումներ կլինեն, սակայն չի կարծում, որ պաշտոնյաներից որևէ մեկը կխոչընդոտի աշխատողներին` այցելել գերեզման: «Ես առաջարկում եմ՝ աշխատենք, փորձենք քննարկումներ անել՝ ընդգրկելով հասարակությանը: Կառավարությունը խնդիր չունի»,-ասաց նա: