|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներդնում է հեռանկարում արտաքին պարտքի կայունացմանն ուղղված և տնտեսական աճին չվնասող հարկաբյուջետային կանոններ: Խորհրդարանը արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդգծեց, որ ներկայումս գործող հարկաբյուջետային կանոնները շատ կոշտ են և թույլ չեն տալիս իրականացնել արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականություն:
«Համաձայն այդ կանոնների՝ եթե կառավարության պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի պակասուրդը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 տոկոսը: Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացվող` առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում պետական բյուջեի դեֆիցիտը չի կարող գերազանցել կառավարության բյուջետային ուղերձում նշված առաջիկա տարվա համախառն ներքին արդյունքի 7.5 տոկոսը: Պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ծախսային ծրագրերի միջև դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները»,- նշեց նախարարը:
Նրա գնահատմամբ՝ կանոնների այս համակարգը, չնայած պարզությանը, սահմանափակ է և չի ապահովում հարկաբյուջետային քաղաքականության բավարար ճկունությունը` արտաքին տնտեսական ցնցումներին արձագանքելու տեսանկյունից: «Բացի այդ՝ վերջինս չի ապահովում բավարար ուղենիշներ արդյունավետ հակացիկլային հարկաբյուջետային քաղաքականության համար, մասնավորապես` ծախսերի կամ այլ կանոնի միջոցով հնարավոր չէ արձագանքել տնտեսական ցիկլերին և գերակայություն տալ ընթացիկ կամ կապիտալ ծախսերին, ինչը ձևավորում է հարկաբյուջետային կանոնի արդիականացման հրամայականը: Այսպես` չնայած ֆինանսական ճգնաժամից առաջ համեմատաբար երկարատև բարձր աճին, ՀՀ-ում բացասական առաջնային հաշվեկշիռը պահպանվեց: Ավելի հակացիկլային հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսական բարձր աճի ժամանակաշրջանում ավելի բարձր առաջնային հաշվեկշիռների հնարավորություն կտար, այսինքն՝ ամուր կապ կլիներ հարկաբյուջետային հաշվեկշռի և իրական ՀՆԱ-ի աճի միջև: Այսինքն` հարկաբյուջետային կանոնի սահմանափակության պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունն արդյունավետ կայունացման գործիք չի եղել. լավ տնտեսական ժամանակներում գերեկամուտները չեն խնայվել բավարար «բարձիկների» վերականգնման կամ ստեղծման համար: Արդյունքում` ՀՀ տնտեսությունը խոցելի է եղել արտաքին ցնցումների նկատմամբ, հարկաբյուջետային քաղաքականությունը պատմականորեն պրոցիկլիկ է եղել, իսկ կապիտալ ծախսերի կշիռը փոքր է եղել համադրելի երկրների համեմատ»,- պարզաբանեց Արամյանը:
Նախարարը նշեց, որ նախագիծը չի նախատեսում բյուջետավորման բնագավառում կառավարության կողմից արդեն իսկ իրականացվող բյուջետային բարեփոխումների քաղաքականության սկզբունքային փոփոխություններ, այլ առաջարկում է դրա իրականացմանն աջակցող լրացուցիչ իրավական կանոնակարգումներ:
«Մենք առաջարկում ենք սահմանել նոր դրույթ, որի համաձայն՝ եթե կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 40 տոկոսի շեմը, հարկավոր է հարկաբյուջետային քաղաքականությունը ծրագրավորել և իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ կապիտալ ծախսերն ավելին լինեն, քան պակասուրդն է: Այլ կերպ ասած՝ եթե պարտք ես վերցնում, ապա իրականացրու կապիտալ ծախսեր, որպեսզի տնտեսությունն աճի: Եթե կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 50 տոկոսը, պետք է նոր կանոն սահմանվի ընթացիկ ծախսերի աճի համար: Եթե մեր պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 6 տոկոսը, ապա մենք պետք է ավելի խստացնենք: Այստեղ մենք ավելացնում ենք ևս մեկ կոշտ կանոն, որ պետք է սահմանվի ընթացիկ ծախսերի և հարկային եկամուտների հարաբերակցությունը, որպեսզի սեփական եկամուտների այլ աղբյուրները ևս ուղղվեն կապիտալ ծախսերի իրականացմանը և տնտեսական աճի հենքերի ուժեղացմանը»,- մանրամասնեց Արամյանը:
Նա հավելեց, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշը 50 տոկոսը գերազանցելու դեպքում կառավարությունը պարտավորություն է ստանձնելու հանրության առաջ հանդես գալ հաշվետվությամբ, որում կներկայացնի, թե ինչ քայլեր են իրականացվում 50 տոկոսի շեմին վերադառնալու համար:
«Իսկ եթե պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 60 տոկոսը, 60 տոկոսին վերադառնալու մեխանիզմները պետք է քննարկվեն խորհրդարանում, ինչպես քննարկվում է դրամավարկային քաղաքականությունը: Սա է հիմնական մոտեցումը: Դրված են նաև այս կանոնները բացառող երեք դեպքեր, որոնք են` պատերազմական վիճակը, տարերային աղետները, ճգնաժամը»,- ասաց Արամյանը:
Նախագծերի նպատակը ՀՀ պետական ֆինանսների կառավարման բնագավառում հարկաբյուջետային քաղաքականության սկզբունքների հստակեցումն է` լրացուցիչ իրավական կանոնակարգումների միջոցով պետական բյուջեի նախագծի կազմման եւ պետական բյուջեի կատարման գործընթացներն առավել կանոնակարգված եւ ճկուն դանձնելու համար: