կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-02 13:09
Տնտեսական

Դա կառավարության պարտքը չէ. քննարկվեց «Նաիրիտ»-ի հարցը

Դա կառավարության պարտքը չէ. քննարկվեց «Նաիրիտ»-ի հարցը

Այսօր կառավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմեց ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանին ու ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին` պահանջելով զեկուցել «Նաիրիտ»-ի խնդրի մասին: «Զեկուցեք, թե ի՞նչ կա, որովհետև նաիրիտցիներն ուզում են ինձ հետ հանդիպել, ես պետք է հասկանամ, թե ինչ պետք է նրանց պատասխանեմ»,- ասաց վարչապետը:

 

Նախքան Երվանդ Զախարյանի զեկույցը, վարչապետը նշեց. «Պարո'ն Զախարյան, պետք է արձանագրենք, որ «Նաիրիտ»-ի մասով կառավարությունն ինչ խոստացել է, դրանք կատարել է, սա պետք է արձանագրենք, որ փողոցային խոսակցությունները դադարեն: Մեր պայմանավորվածությունը եղել է այնպիսին, որ տալիս ենք հունվար ամսվա աշխատավարձը, որից հետո մեզ էլ չպետք է դիմեն, գնան «Նաիրիտ»-ի բաժնետերերին դիմեն: Դա կառավարության պարտքը չէ: Անընդունելի է, որ կառավարության վրա բեռ են ուզում դնելիրենց վատ աշխատանքի պատճառով»:

 

Երվանդ Զախարյանը նշեց, որ կուտակվել է նաիրիտցիների աշխատավարձի` հինգ ու կես միլիարդ դրամ պարտք: Կրճատվել են աշխատակիցներ, գործարանում աշխատում է մոտ չորս հարյուր աշխատող: «Խոստացել էինք, որ այն աշխատակիցները, ովքեր կմնան գործարանում, մենք կվճարենք աշխատավարձերը, և արդեն մեկ ամսվանը վճարել ենք: Կրճատված աշխատակիցների աշխատավարձերի մասով մենք կատարել ենք մեր խոստացածը»,- ասաց նախարարը:

 

Նա հավելեց, որ գործարանը ունի գույք, որն անգամ «Նաիրիտ»-ի վերագործարկման ժամանակ պետք չի լինելու գործարանին: Նախարարը նշեց, որ Համաշխարհային բանկը տեխնիկական աուդիտ է անցկացնում «Նաիրիտ»-ում, և արդյունքները պարզ կլինեն երկու օրից ու կներկայացվեն կառավարությանը, որից հետո պարզ կլինի գործարանի ճակատագիրը, թե արդյո՞ք արդյունավետ ու նպատակահարմար է գործարանի վերագործարկումը:

 

«Գործարանի գույքը գրավի տակից հանելու աշխատանքներ են տարվում, դեռևս որոշակի արդյունք չկա, բայց բանակցությունները շարունակվում են: Կառավարությունն անում է ամեն ինչ,  որ այդ գույքի վաճառքը իրականացվի, և աշխատավարձերի կուտակված պարտքերը վճարվեն: Այդ պարտքը կարող է փակվել միայն գույքի վաճառքից սպասվող գումարից: Այլ խոստումներ չեն եղել»,- ասաց նախարարը:

 

Վարչապետը հարցրեց. «Հիմա նաիրիտցիները չե՞ն ցանկանում սպասել` մինչև գույքը վաճառվի»: Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Ոչ, չեն ցանկանում սպասել և խնդրում են կառավարությունից որոշակի վճարումներ անել` մինչև գույքը կվաճառվի»:

 

Այս պատասխանը զայրացրեց վարչապետին: «Պարո'ն Զախարյան, մենք էներգետիկ համակարգում բազմաթիվ խնդիրներ ունենք, բեռ ունենք, այսօրվա խնդիրները լուծել ե՞ք, որ լրացուցիչ բեռ եք վերցնում: Պետք է բացատրել նաիրիտցիներին վիճակը: Էդ ճահիճը պետք է վերացնենք, որ հասկանանք` ոնց ենք առաջ շարժվում: Առանց այդ էլ մինչև հիմա լրացուցիչ բեռ ենք վերցրել ու վճարումներ ենք կատարել, այն դեպքում, որ կարող էինք դա չանել»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

Գործարանի բաժնեմասերի հարցով զեկուցեց ԿԲ նախագահը` ասելով, որ դիմել են այն բանկին, որտեղ գրավադրված է գույքը, որ բարի կամք դրսևորեն, վերադարձնեն գույքը, նաև դիմել են Ռուսաստանի իրենց գործընկերներին, որ նրանք էլ աջակցեն այդ գործընթացին: Վարչապետի հարցին, թե կարո՞ղ է գործընթացի հստակ ժամկետների մասին զեկուցել, Ջավադյանը բացասական պատասխան տվեց` ասելով, որ բանակցությունները շարունակվում են:

 

Նշենք, որ կառավարության նիստից հետո նաիրիտցիների 15 հոգանոց խումբը բարձրացավ վարչապետի մոտ՝ քննարկելու խնդիրը: