կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-06 13:01
Հասարակություն

ԱԱԾ ներկայացուցիչների ներկայությամբ քննարկվեց գաղտնալսումների հարցը

ԱԱԾ ներկայացուցիչների ներկայությամբ  քննարկվեց գաղտնալսումների հարցը

Այսօր ՄԻՊ 2014թ. զեկույցն էր քննարկվում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում: Այն վերաբերում էր Ազգային անվտանգության ծառայությունում արձանագրված խնդիրներին:

 

ՄԻՊ տեղակալ Արմեն Գրիգորյանը խոսեց ոլորտի այն խնդիրների մասին, որոնց վերաբերյալ ՄԻՊ-ը բողոքներ է ստացել: Մասնավորապես` գրանցվել են դեպքեր, երբ քաղաքացուն ԱԱԾ հրավիրելուց հետո նախատեսված ժամից երկար են պահել, դեպքեր են եղել, երբ քաղաքացուն հրավիրել են ԱԱԾ և անհիմն վերցրել անձնագիրը:

 

Նիստում քննարկվեց ԱԱԾ կողմից առանց դատարանի թույլտվության կատարված գաղտնալսումների հարցը: Ազգային անվտանգության ծառայության վարչության պետի տեղակալ Արտեմ Դադոյանը կարծիք հայտնեց, որ ՄԻՊ-ն ավելի հասցեական պետք է զեկուցի և պետք է ԱԱԾ-ին ուղղված դիմումի մեջ նշի, թե որ աշխատակցի կողմից է խախտումը եղել, հակառակ դեպքում, ըստ նրա, ստացվում է, որ ոչ մի փաստ չկա, բայց ՄԻՊ-ն ասում է, որ խախտումներ կան:

 

ՄԻՊ տեղակալը նշեց, որ ՄԻՊ-ի կողմից հրապարակված զեկույցում ներառված խնդիրների` իրականությանը համապատասխանելու վերաբերյալ որևէ մեկը կասկածներ չպետք է ունենա:

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ ԱԱԾ-ի կողմից գաղտնալսումները չեն անցկացվում, որպեսզի պարզեն` ով է ճիշտ, ով` սխալ: «Սա հարթակ չէ, որտեղ դուք գաք և վիճեք: Նպատակն այն է, որ լուծումներ գտնենք: Մենք օրենսդրական նախագծեր առաջարկենք, դուք էլ հաշվի առնեք: Մենք չգիտե՞նք, որ հեռախոսների գաղտնալսման համատարած գործընթաց է տեղի ունեում: Իմ հեռախոսն է լսվել, ես չգիտե՞մ` դուք ոնց եք դատարանից վճիռ ստանում: Կարգավորել է պետք է այս ամենը: Այո, դատարանով է գաղտնալսման թույլտվությունը, բայց այդ դատարանին ո՞վ է հավատում: Ես չեմ ճանաչում մեկին, որ կամավոր գա, մտնի ԱԱԾ: Մենք ուզում ենք վերահսկողություն լինի: Հասկանալի է, որ դուք դրան դիմադրում եք, ցանկացած անվտանգության ծառայություն դեմ է, որ հասարակությունը որևէ վերահսկողություն ունենա, բայց հասարակությունն էլ մեզ այստեղ է ուղարկել, որ ձև գտնենք, թույլ չտանք` չարաշահումներ անեք: ՄԻՊ-ի գրասենյակն այդ հարցերը բարձրաձայնում է, որ ձևը գտնենք: Դրա համար մենք խնդրում ենք ձեզ, որ ոչ թե արդարանաք, այլ մատնանաշած պրոբլեմների համար ասեք, թե ինչ քայլեր եք նախատեսում անել»,- ասաց պատգամավորը:

 

ԱԱԾ ներկայացուցիչն էլ պնդեց, թե իրենք ՄԻՊ-ի կողմից բարձրացված բոլոր խնդիրներին հետամուտ են եղել և հարցերին լուծում տվել: