|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույց»-ի լրացված նախագծի հանրային քննարկումը: Քննարկմանը ներկա էին հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ուղեցույցում ներկայացված են ընտրությունների ընթացքում ոստիկանության գործառույթները, մասնավորապես` ընտրատեղամաս գործուղվող ոստիկանության ծառայողների պարտականությունները և այլն:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն առաջարկեց նախագծի մի շարք կետերում հստակություններ մտցնել: Մասնավորապես, ըստ նրա, պետք է կոնկրետ նկարագրվի այդ ընթացքում ոստիկանների կողմից հարկադրանք կիրառելու կարգը, օրինակ` ի՞նչ եղանակով պետք է խախտում կատարած և հանձնաժողովի ղեկավարի հրահանգներին չենթարկվող անձին հեռացնեն ընտրատեղամասից և այլն:
Նրա խոսքով՝ լավ կլինի, որ ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողներն այդ օրը կիրառեն տեսախցիկներ, որպեսզի որոշ դեպքերում ֆիքսեն խախտումները:
Սաքունցն առաջարկեց քննարկումներ կազմակերպել, որոնց ընթացքում իրենք ոստիկաններին կներկայացնեն ընտրություններին նախորդող ժամանակահատվածում իրականացվող խախտումները բացահայտելու` իրենց փորձը:
Քննարկման ընթացքում բարձրաձայնվեց ընտրակաշառք բաժանելու և դրա բացահայտման ուղղությամբ ոստիկանության կատարած աշխատանքների մասին: ՀՀ ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանի խոսքով՝ ընտրակաշառքի դեպքերը հնարավոր է բացահայտել հանրության աջակցությամբ, թեև, ըստ նրա, ոստիկանությունը չի սպասելու ահազանգերին, ինքն էլ է հետամուտ լինելու նման երևույթների բացահայտմանը:
«Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: