կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-16 18:13
Քաղաքական

Մեռելոցների օրերը ոչ աշխատանքային չեն համարվի. օրենքի նախագիծ է մշակվում

Մեռելոցների օրերը ոչ աշխատանքային չեն համարվի. օրենքի նախագիծ է մշակվում

ԱԺ անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել ՝ «ՀՀ աշխատանային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի փաթեթներ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ օրինագծերի փաթեթների ընդունման պարագայում կարիք չի լինի տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը սահմանել ոչ աշխատանքային և տեղափոխել մեկ այլ օր: «Հասկանալի է, որ կա նաև մեր Առաքելական եկեղեցու պահանջը և այդ եկեղեցու հետևորդների պահանջը՝ մեռելոցները հարգել և գնալ գերեզմաններ: Այս առումով` ես փորձել եմ գտնել ոսկե միջինը: Մի կողմից` պետք է հնարավորություն լինի այցելելու գերեզմաններ, բայց, մյուս կողմից, ամբողջ հանրապետությունում պետք չէ հայտարարել ոչ աշխատանքային օր: Մարմինները, հիմնարկները պետք է գործեն, բանկերը գործարքներ իրականացնեն, և փոխանցումներ տեղի ունենան, այսինքն՝ տնտեսությունը մեծ հաշվով չտուժի»,- ասաց պատգամավորը:

 

Նա դժվարացավ ասել՝ ինչ ճակատագրի կարժանանա իր ներկայացրած օրինագծերի փաթեթը: «Քանի որ կառավարության եզրակացությունը դեռ չկա, վաղ է ասել՝ ինչ ճակատագրի կարժանանա նախագիծը: Եթե կառավարությունը դրական եզրակացություն տա, միանշանակ է, որ կընդունվի, եթե բացասական տա, պետք է բանակցենք,  տեսնենք` ինչ կոմպրոմիսային տարբերակ կարող ենք գտնել»,- ընդգծեց Մարուքյանը:

 

Պատգամավորը նշեց նաև, որ իշխող Հանրապետական կուսակցության դիրքորոշումը դեռևս հայտնի չէ, քանի որ նախագիծը նոր է, և չկա կառավարության եզրակացությունը: «Եթե կառավարությունը տա դրական եզրակացություն, ՀՀԿ-ական պատգամավորները կողմ կքվեարկեն, իսկ բացասական եզրակացության դեպքում՝ դեմ»,- եզրափակեց Մարուքյանը:

 

Նշենք, որ, Yerkir.am-ի տեղեկություններով, կառավարությունը դրական եզրակացություն է տալու, օրենքի նախագիծն էլ ԱԺ-ում ընդունվելու է: Այսպիսով` մեռելոցների օրերի, բացի Սբ Զատիկին հաջորդող մեռելոցից, այլեւս ոչ աշխատանքային չեն համարվի: Հիշեցնենք, որ մեռելոցները ոչ աշխատանքային օր սահմանելը հաստատվել է Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք: