Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումը, որի առաջին մասը նվիրված էր 2019-2022 թվականների ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկմանը։
Ողջույնի խոսքում արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, որ սա բացառիկ դեպք է, երբ առաջին անգամ ռազմավարության նախագիծը առաջին հերթին քննարկվում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ.
«Այսօրվա միջոցառումն աննախադեպ է նրանով, որ այս ռազմավարությունը առաջին հերթին կարծիքի է ներկայացվում քաղհասարակության հետ: Զուգահեռաբար այսօր այն առաքվել է բոլոր պետական մարմիններին: Սա նշանակում է, որ հակակոռուպցիոն ոլորտում բարձր է գնահատվում քաղհասարակության դերը և մասնակցային քաղաքականության մշակումը»,- նշեց Սուրեն Քրմոյանը:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նշեց, որ դիմել են կառավարությանը՝ ռազմավարության ընդունումը մի քանի ամսով հետաձգելու խնդրանքով, որպեսզի ՔՀԿ-ները հնարավորություն ունենան մասնակցել դրա մշակմանը.
«Եթե կառավարությունը որոշի հետաձգել ռազմավարության ընդունումը, ապա հնարավորություն կունենանք նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը շատ ավելի լեգիտիմ և մասնագիտական հենք ունեցող փաստաթուղթ դարձնել: Այն կլինի բեկումնային փաստաթուղթ, որը իրապես փոփոխություններ կբերի մարդկանց կյանքում: Ողջունում եմ կառավարության այն մոտեցումը, որ փաստաթուղթը հիմքում կոռուպցիայի դեմ պայքարի 3 հիմնասյուներն են՝ հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում և պատժի անխուսափելիություն»,- ասաց նա:
Միջոցառման երկրորդ մասում անցկացվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 3-րդ համաժողովը: Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն իր խոսքում նշեց, որ ներկայումս Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական կոմպոնենտը պատժիչ գործողություններ են.
«Իհարկե, պատժիչ գործողությունները նպաստել են, որպեսզի պետական կառույցներում աշխատակիցները կոռուպցիոն ռիսկերից խուսափեն, բայց դա չի նպատասում որակյալ ծառայություն մատուցելուն և դժգոհությունները շարունակելու են մնալ: Եվ կոռուպցիայի դեմ պայքարում չկա որևէ կոմպոնենտ, որն առավել կարևոր է, քան մյուսը»,- ասաց նա:
Համաժողովին ներկայացվեցին կոալիցիայի գործունեության հաշվետվությունը, քննարկվեց կոալիցիայի 2019-2023 թվականների ռազմավարական պլանը: Տեղի ունենան նաև կոալիցիայի կառավարման խորհրդի ընտրություններ, որի արդյունքում ընտրվեցին 13 կազմակերպություններ:
Այնուհետև տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 2018 թվականի հոսքի փակման արարողությունը: 8 երիտասարդներ ներկայացրեցին զեկույցներ՝ հակակոռուպցիոն ոլորտում իրենց կողմից կատարված հետազոտությունների վերաբերյալ: Այնուհետև նրանց շնորհվեցին ավարտական վկայականներ:
Միջոցառմանը ներկա էին ինչպես պետական կառույցներից, այնպես էլ քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ավելի քան 90 ներկայացուցիչներ։