Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեկ արդեն երկրորդ անգամ հարցաքննվել է գործով մեղադրյալ Գնել Թևոսյանը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց նրա պաշտպան Արա Զաքարյանը:
Հիշեցնենք, որ Գնելը նույն ինստիտուտի պետի արդեն նախկին տեղակալ, գնդապետ Զարմիկ Անդրանիկի Մարկոսյանի որդին է։ Փաստաբանի խոսքով` չնայած իր միջնորդությանը` մինչ այժմ գործով մեղադրյալների միջև առերեսում չի անցկացվել, ինչը, ըստ նրա, նման գործով տարօրինակ է:
Զաքարյանը նաև նշեց, որ այս գործով մի շարք փորձաքննություններ են նշանակվել, այդ թվում` դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, մատնադրոշմային և այլն:
Նշենք, որ ինչպես Գնել Թևոսյանը, այնպես էլ կուրսանտի սպանության մեջ մեղադրվող մյուս երեք համակուրսեցիներն իրենց մեղավոր չեն ճանաչում:
Հիշեցնենք նաև, որ Արա Զաքարյանը նախաքննության ընթացքում իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խորթ մեթոդների, մասնավորապես` բռնությամբ ցուցմունք կորզելու վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել նախաքննական մարմնին: Զաքարյանի խոսքով` մինչ այժմ տեղեկություն չունի` հաղորդումն ուղարկվե՞լ է Հատուկ քննչական ծառայություն, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հ. Բարսեղյանի 4 համածառայակցի: Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Դեպքից հետո հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և մեղադրանք է առաջադրվել ինստիտուտի սպա, դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանին: