Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015 թվականը զինված ուժերի համար լարված տարի էր. այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա հայտնեց, որ արդեն մշակել են 2016-2020 թվականների` զինված ուժերի զարգացման ծրագիրը, իսկ 2016-ը ՊՆ-ն հայտարարել է հրամանատարական պատրաստության տարի՝ նպատակ ունենալով բարձրացնել զինված ուժերի հրամանատարական կազմի արհեստավարժությունը և ունենալ ավելի պատրաստված հրամանատարներ:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ի՞նչն է պատճառը, որ այսօր սահմանին կանգնած են և զոհվում են հիմնականում սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներից զինվորներ, և ի՞նչ է անում նախարարությունը զոհվածների ընտանիքներին աջակցելու ուղղությամբ, նախարարը պատասխանեց. «Վերջին տարիներին բավական լուրջ ծրագրեր ենք իրականացնում զորակոչի անցկացման ուղղությամբ՝ հավաքակայանում ընդունումից մինչև վիճակահանություն: Մենք զորամասերում բաշխում իրականացնելիս չենք նայում, թե ինչ ընտանիքից է, բաշխում իրականացնում ենք ըստ տվյալ զորակոչիկի կրթական ցենզի, ֆիզիկական հատկանիշների: Ցավոք, վերջին տարիներին ինչպես է ստացվում, որ այդ հանգամանքը կա: Սահմանին կանգնած զինվորների գործած սխրանքների արդյունքում է, որ մենք կարողանում ենք խաղաղություն ապահովել: Վերջին տարիների ընթացքում մենք ունեցել ենք զոհեր` և\' հրամանատարներ, և\' զինվորներ բոլոր տարածաշրջաններից: Չկա որևէ ընտանիք, որ ոչ միայն բանակի ուշադրության, այլև հասարակության, հատկապես` ՏԻՄ-երի, կառավարության և ԱԺ-ի ուշադրության կենտրոնում չլինի»:
Անդրադառնալով կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությանն ու դրան հաջորդած պաշտոնանկություններին, նախարարն ասաց. «Հայկազ Բարսեղյանի սպանությունը մեծ ստվեր գցեց ռազմական ինստիտուտի պատմության և ինստիտուտի ղեկավարության վրա: Ռազմական ինստիտուտն իր առջև դրված խնդիրները կատարում է: Մենք ունենք հրամանատարների մի ամբողջ համաստեղություն, որոնք առանձնանում են իրենց գրագիտությամբ և արհեստավարժությամբ: Ցավոք, այսպիսի կառույցներում էլ են լինում բացթողումներ: Այժմ էլ ինստիտուտում կադրային փոփոխությունները շարունակվում են: Հայկազ Բարսեղյանի գործն իրավական հարթակում է, մենք իրավապահների հետ հետևելու ենք, որ մեղավորները պատժվեն»: