Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Արդեն հայտնել ենք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել): Այս գործով ձերբակալվել է ինստիտուտի սպա՝ կապիտան Արտյոմ Ավետիսյանը:
Անդրադառնալով սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին՝ նշենք, որ կալանավորված 4 կուրսանտներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում, ինչն էլ ավելի է բարդացնում քննիչների աշխատանքը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` այս գործի բացահայտման ընթացքում խորթ մեթոդներ, մասնավորապես՝ բռնություններ են կիրառվել գործով մեղադրյալների և վկաների նկատմամբ: Խոսակցություններ կան, թե նրանցից մի քանիսն անգամ ստացած վնասվածքների պատճառով տեղափոխվել են հիվանդանոց:
Yerkir.am-ի հետ զրույցում գործով մեղադրյալ, պաշտոնանկ եղած՝ ինստիտուտի պետի տեղակալի որդի Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը հաստատեց, որ կոնկրետ իր պաշտպանյալի նկատմամբ խորթ մեթոդներ են կիրառվել` նշելով, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող:
Նա միաժամանակ հայտնեց, որ մինչ կալանավորելն ու դրանից հետո իր պաշտպանյալի նկատմամբ որևէ քննչական գործողություն, այդ թվում՝ առերեսում չի կատարվել: Փաստաբանը նշեց, որ նման գործերով քննչական մարմինը պարտավոր էր դեպքից հետո առերեսում կատարել, սակայն մինչ այժմ, նրա խոսքով, ընդամենը երկու փորձաքննություն է նշանակվել:
Հիշեցնենք, որ Հայկազի համակուրսեցիներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։