Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նախաքննությունից անջատված գործով առաջին դատական նիստը:
Այս գործով ամբաստանյալի աթոռին է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, նույն ինստիտուտի կուրսանտ Արշակ Մարտիրոսյանը, ով մեղադրվում է իր համակուրսեցի Հայկազ Բարսեղյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մեջ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 2015 թվականի հունվարի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ԶՈՒ կազմավորման տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական համերգից հետո ռազմական ինստիտուտ վերադառնալու ճանապարհին կուրսանտ Ա.Մարտիրոսյանը զորամասի ավտոբուսի մեջ վիճաբանել է նույն դասակի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում հայհոյել, քաշքշել է նրան՝ այդ կերպ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը: Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված վարույթի շրջանակներում Ա.Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով՝ զինծառայողին վիրավորանք հասցնելու համար:
Այսօրվա դատական նիստի ընթացքում պարզ դարձավ, որ գործի նախաքննության ընթացքում Մարտիրոսյանն ամբողջությամբ ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու չի առարկել գործն արագացված դատաքննության կարգով քննելու դեմ: Սակայն, հաշվի առնելով, որ մեղադրյալի հանրային պաշտպան Հայկ Իսրայելյանը դեռևս չէր ծանոթացել գործի նյութերին, այսօր գործն արագացված կարգով քննելու վերաբերյալ միջնորդություն չարվեց:
Նշենք, որ Մարտիրոսյանը ներկայումս գտնվում է հրամանատարության հսկողության տակ:
Դատավորը ժամանակ տրամադրեց պաշտպանին գործի նյութերին ծանոթանալու համար և հաջորդ դատական նիստը նշանակեց մայիսի 21-ին:
Կուրսանտներ Հայկազ Բարսեղյանի և Արշակ Մարտիրոսյանի վիճաբանությանը չկանխելու համար մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանին: Նրա վերաբերյալ գործը ևս անջատվել է Հայկազ Բարսեղյանի սպանության գործի վարույթից, սակայն դեռևս նախաքննության փուլում է: Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ավետիսյանը, ականատես լինելով իր ենթակա անձնակազմի կուրսանտներ Հայկազ Բարսեղյանի և Արշակ Մարտիրոսյանի վիճաբանությանը, փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումներին, միջոցներ չի ձեռնարկել վիճաբանությունը կանխելու ուղղությամբ, չի պարզել դրդապատճառները և չի զեկուցել` ըստ ենթակայության, որով էական վնաս է հասցրել զինվորական ծառայության շահերին: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։