կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-09 15:31
Առանց Կատեգորիա

Ո՞ւմ էր ձեռնտու Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելը

Ո՞ւմ էր ձեռնտու Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծի ենթարկելու առթիվ փետրվարի 8-ին քրեական գործ է հարուցվել: Արտակ Խաչատրյանը, ով վերջին շրջանում փաստացի վարում էր կառավարության մոտ անցկացվող` «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցման ակցիան, ըստ ականատեսների, առևանգվել էր երեք դիմակավորված, զինված անձանց կողմից, ապա բռնությունների ենթարկված վերադարձվել երեկոյան:

 

Դեպքից գրեթե անմիջապես հետո ԲՀԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ ՝ կատարվածի ողջ պատասխանատվությունը բարդելով «երկրի բարձրագույն իշխանության» վրա: «Երկրում կուտակված խնդիրները լուծելու, պետության և ժողովրդի առջեւ ծառացած ծանրագույն մարտահրավերները դիմագրավելու, երկրում ներքին համերաշխության մթնոլորտ ապահովելու փոխարեն քաղաքական իշխանությունն ընտրում է դարանակալած առևանգման, թիկունքից հարվածելու, ծեծի թուլամորթ գործելաոճը»,-ասվում է ԲՀԿ քաղխորհրդի տարածած հայտարարության մեջ, որում, սակայն, իշխանություններին ուղղված մեղադրանքները հիմնավորող որևէ փաստ չի նշվում:

 

Եվ չնայած դրան և քրեական գործի հարուցմանը` ԲՀԿ-ն արդեն սկսել է քաղաքականացնել տեղի ունեցածը: Քաղխորհրդի ընդունած հայտարարության միջոցով կուսակցական կառույցներին կոչ է արվել կտրուկ ակտիվացնել աշխատանքները «տեղերում՝ ժողովրդի մեջ, համաժողովրդական ընդվզման միասնական օր անցկացնելու համար»:

 

Անցած շաբաթներին տեղի ունեցած՝ քաղաքական և քաղաքացիական ակտիվիստներին գրեթե նույն սցենարով բռնությունների ենթարկելու դեպքերի ֆոնին ԲՀԿ-ի ընդգծված զգացմունքային ռեակցիան կարելի է հասկանալ: Պատահական չի, թերևս, որ հայտարարության մեջ շեշտվում ոչ միայն այս, այլև դրանից առաջ տեղի ունեցած բռնության մնացած դեպքերը բացահայտելու պահանջը:

 

Սակայն ԲՀԿ-ի կողմից դրսևորվող քաղաքականացման ներկայիս վարքագիծը ոչ միայն թվում է ժամանակավրեպ, այլև տարակուսելի: Բանն այն է, որ համոզիչ չեն թվում կոնկրետ այս դեպքի շրջանակներում իշխանությանը, ընդհանրապես որևէ օղակի ուղղված մեղադրանքները: Եվ պատճառը միայն դրանք հիմնավորող փաստերի բացակայությունը չէ: Նման մեղադրանքներ ներկայացնելիս ԲՀԿ-ն նախ պետք է բացատրի նման քայլի գնալու` իշխանության մոտիվը, այսինքն` տա այն հարցի պատասխանը, թե իշխանության ինչի՞ն էր պետք Արտակ Խաչատրյանին առևանգելը և ծեծի ենթարկելը, հատկապես` հիմա:

 

Շրջանառության հարկի դեմ բողոքող մի քանի ներկայացուցիչներ նշել են, թե, Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելով,  իրենց ամբողջ նախաձեռնության են «ծեծել»: Ենթատեքստն այն է, թե Խաչատրյանին ծեծել են` փորձելով վախեցնել բողոքի ակցիաներ կատարող` ՓՄՁ-ների ներկայացուցիչներին: Սակայն եթե այդպես է, ապա ինչո՞ւ է իշխանությունը գնում այդ քայլին ակցիաների փաստացի դադարեցման ժամանակահատվածում:

 

Դեպքից դեռ օրեր առաջ կառավարությունը ոչ միայն հերթական անգամ գնաց «Շրջանառության հարկի մասին» օրենքի այդ դրույթների կիրառումը հետաձգելու քայլին, այլև ձեռնարկատերերին փաստացի հասկացրեց, որ առաջիկայում գնալու է ապրանքների փաստաթղթավորման պահանջը կամընտրական դարձնելուն ուղղված օրենսդրական փոփոխություններին, ինչը հենց ՓՄՁ-ների հիմնական պահանջն էր: Նման սկզբունքային նահանջ կատարելու պարագայում ինչո՞ւ պետք է իշխանությունը կատարեր այնպիսի սադրիչ գործողություն, որով դարձյալ իր դեմ կարող էր հանել ձեռնարկատերերին: Առավել ևս՝ դրա համար, որպես թիրախ, ընտրել մի կուսակցության ներկայացուցչի, որի ղեկավարն ընդամենը օրեր առաջ իր հրավիրած խորհրդաժողովում իշխանությանը «սպառնում էր» համաժողովրդական հզոր ալիք բարձրացնել: Եվ դա մի իրավիճակում, երբ դեռ չէին մարել կրքերը Բերձորում կատարված դեպքերի շուրջ: Իշխանությունը պետք է առնվազն «խելագարության կանխավարկածով» առաջնորդվեր` այս ամենի ֆոնին հերթական սադրանքին գնալու համար:

 

Մինչդեռ կատարվածին ավելի խորքային մոտենալու դեպքում կարելի է նկատել ստեղծված իրավիճակն իր քաղաքական նպատակներին ծառայեցնելու` ԲՀԿ-ի մղումը: Նախ՝ փաստ է, որ ԲՀԿ-ն վերջին շրջանում ձգտում էր իր ազդեցությունը տարածել «Կասեցում» շարժման վրա: Արտակ Խաչատրյանը նման ակտիվություն նախորդ տարի հանդես չէր բերում, իսկ ԲՀԿ-ական պատգամավորներն էլ ակցիաներին անմիջական մասնակցություն չէին ունենում: Հենց ԲՀԿ-ի այս ակտիվության շնորհիվ նախաձեռնության սլաքները վարչապետ Հովիկ Աբրահամյանից շեղվեցին դեպի ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Այս տեսակետից միանշանակ հենց ԲՀԿ-ի շահերից չէր բխում «Կասեցում» նախաձեռնության պահանջը կատարելուն ուղղված՝ նախագահի հանձնարարությամբ օրենսդրական փոփոխությունների գնալու` կառավարության քայլը, որովհետև այն սպառնում էր ձախողել նախնական փուլերում չքաղաքականանալու սկզբունքային մոտեցում ունեցող ՓՄՁ ներկայացուցիչների շարժումը «յուրացնելու»` ԲՀԿ-ի պլանները:

 

Եվ ահա միջադեպն այս շարժման շրջանակներում Արտակ Խաչատրյանի գործունեությամբ պայմանավորելը ԲՀԿ-ին հնարավորություն է տալիս ոչ միայն հրապարակ վերադարձնել այդ զանգվածին, այլև հիմնավորել նրան «տեր կանգնելու» իր ցանկությունները: Իսկ սա այն զանգվածն է, որը, կազմելով հասարակության միջին խավի կորիզը, իբրև պոտենցիալ ընտրազանգված, կարող է ԲՀԿ-ի համար էական նշանակություն ունենալ իշխանության համար մղվող պայքարում:

 

Սրանից չի հետևում, թե Արտակ Խաչատրյանի առևանգումն ու ծեծի ենթարկելը կարող է ԲՀԿ-ի կամ ԲՀԿ-ամերձ շրջանակների ձեռքի գործը լինել: Չի բացառվում, որ դրանում կարող էր շահագրգռված լինել նաև երրորդ կողմ՝ երկրում քաղաքական վիճակը լրջորեն ապակայունացնելու և բախումների պոտենցիալը մեծացնելու նպատակով: Հենց այս առումով են պետությունը և հատկապես` ոստիկանությունը պատասխանատու բռնությունների այս շարքով ձևավորվող մթնոլորտի համար:

 

Եթե ոստիկանությունը փորձեր բացահայտել նախկինում կատարված նմանատիպ հանցագործությունները, ապա որևէ մեկը հիմա իրեն նման լկտիություն թույլ տալ չէր համարձակվի: Եթե իշխանությունը չի ցանկանում, որ, անկախ հանգամանքներից, այս ամենի միակ պատասխանատուն դառնա ինքը, և դրա հետևանքով երկիրը հայտնվի քրեական քաոսի մեջ, այլ տարբերակ, քան արձանագրված դեպքերը բացահայտելը, չունի: Սա միայն իշխանության հեղինակության և պաշտպանվելու խնդիրը չէ, այլ հասարակության և քաղաքացու անվտանգության:

 

Չկարողանալով վերահսկել իրավիճակը՝ իրավապահ մարմինները ոչ միայն լեգիտիմացնում են զինված բանդաների միջոցով մարդկանց նկատմամբ քաղաքական ու քրեական հաշվեհարդար տեսնելու պրակտիկան և ամրապնդում բռնությունը` որպես քաղաքականության գործիք դարձնելու վայրենի «մշակույթի» ձևավորումը, այլև դրդում են քաղաքացիներին մտածել դրանցից ինքնապաշտպանվելու սեփական միջոցները, հնարները գտնելու և կիրառելու մասին: Ի վերջո, ոչ ոքի չես կարող մեղադրել մատաղացու դառնալ չցանկանալու մեջ:

 

Գևորգ Աղաբաբյան