| 
                            Փոխարժեքներ
                                                        30 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  9 տարի առաջ - 2016-04-22 09:32
            9 տարի առաջ - 2016-04-22 09:32  
        Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր Կարո Փայլանն ու նրա ընկերները մեջլիսից պահանջել են ուսումնասիրություն անցկացնել օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների մահվան հանգամանքների վերաբերյալ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական İnternethaber.com լրատվակայքի տեղեկացմամբ՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ-HDP) այս նպատակով հատուկ դիմում-առաջարկ է ուղղել ԹԱՄԺ-ի ղեկավարությանը:
Փայլանի և նրա կուսակիցների ստորագրությամբ ներկայացված փաստաթղթում նշված է, որ 1908-1915թթ. Օսմանյան կայսրության մեջլիսում գործել են 7 հայ պատգամավորներ: Օսմանահպատակ հայերի այդ ներկայացուցիչները՝ Գրիգոր Զոհրապը, Վարդգես Սերենգյուլյանը, Նազարեթ Տաղավարյանը, Կարապետ Փաշայանը, Օնիկ Դերձակյանը, Ստեփան Հրաչյանը և Համբարձում Բոյաջյանը, Ցեղասպանության ընթացքում սպանվել են տարբեր հանգամանքներում:
«Բոյաջյանը մահապատժի է ենթարկվել, իսկ մյուս պատգամավորները 1915թ. ապրիլ-մայիս ամիսներին ձերբակալվել են, ապա սպանվել տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում: Մենք ցանկանում ենք, որ խորհրդարանական հետաքննություն սկսվի՝ պարզելու համար, թե նրանք ինչպե՞ս և ո՞ւմ հրամանով են սպանվել, որոշելու համար, թե որտեղ են գտնվում հիմա նրանց մասունքները, որպեսզի այդ մասունքները թաղվեն ըստ պատշաճ կարգի և վերականգնվի այս մեջլիսում գործունեություն ծավալած պատգամավորների պատիվը»,- ասված է դիմում-առաջարկում:
