կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-24 17:37
Մշակույթ

Դատավորի վճիռը` հօգուտ Իգիթյանի. դատարանում արդեն խառնո՞ւմ են վճիռները

Դատավորի վճիռը` հօգուտ Իգիթյանի. դատարանում արդեն խառնո՞ւմ են վճիռները

Տեղեկացրել էինք, որ դեռևս նոյեմբերի սկզբին «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանն աշխատանքից ազատել էր «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանին: Համբարձումյանը նշել էր, որ Իգիթյանն արվեստանոցը փորձում է փայտամշակման արհեստանոց դարձնել, և ինքը չի պատրաստվում լքել արվեստանոցը: 2014-ի տարեվերջին Իգիթյանը դիմել է դատարան, որպեսզի դատարանն արգելի Համբարձումյանի մուտքն արվեստանոց: Սակայն Համբարձումյանը նույնպես դիմել է դատարան իր` աշխատանքից ազատման որոշումն անհիմն ճանաչելու պահանջով, ինչպես նաև խնդրանքով` մինչև դատական գործընթացի ավարտը թույլատրել շարունակել դասերը: Օրեր առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Թբիլիսյան խճ.) դատավորը երկու կողմին էլ կանչել էր լսումների:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Հրաչ Համբարձումյանը նշել էր, թե դատավորն ասել է, որ արվեստանոցը պետք է բացվի մինչև դատ լինելը: Սակայն դեպքերն այլ ընթացք են ստացել: Համբարձումյանն այսօր հայտնեց, որ երբ երեկ զանգահարել է դատարան` ճշտելու, թե ինչու մինչ այսօր դատավորի որոշման նամակը չի ստացել, հանկարծ պարզվել է, որ դատավորի օգնականն ուղղակի վճիռները խառնել է:

 

«Ես զանգահարեցի և հարցրի, թե ինչո՞ւ մինչև հիմա չեն ուղարկել որոշումը` գրավոր տեսքով, իսկ դատավորի օգնականն ասաց, որ բանն այն է, որ իրականում վճիռ է կայացվել հօգուտ Իգիթյանի, այսինքն` արվեստանոցը պետք է փակ մնա մինչև դատական գործընթացի ավարտը: Չգիտեմ` էլ ինչ ասել, ասացին, որ խառնել են գործերը»,- պատմեց Համբարձումյանը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացրին, որ իրենց մոտ նմանատիպ` հազարից ավելի գործ կա, և չեն կարող կոնկրետ պատասխան տալ մեզ: