կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-23 12:15
Քաղաքական

Եթե սա է մեր խորհրդարանական դիվանագիտության «լավ կադրը», ապա մոռանանք այս խողովակի արդյունավետության մասին. Հ. Մամիջանյանը՝ Հ. Իգիթյանի խայտառակ պահվածքի մասին

Եթե սա է մեր խորհրդարանական դիվանագիտության «լավ կադրը», ապա մոռանանք այս խողովակի արդյունավետության մասին.  Հ. Մամիջանյանը՝ Հ. Իգիթյանի խայտառակ պահվածքի մասին

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը սիրում է խոսել խորհրդարանական դիվանագիտության իր մեծ փորձի մասին։ Եկեք տեսնենք, թե ինչպես է նա կատարում իր բուն պարտականությունները, որի համար մեր հարկերից ստանում է ոչ միայն աշխատավարձ, այլ նաեւ աստղաբաշխական պարգեւավճարներ. ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Մայիսի 20-ին պարոն Իգիթյանը մասնակցել է Егор Куроптев-ի «Пограничная ZONA» հաղորդմանը, որտեղ իր ընդդիմախոսն էր ադրբեջանցի պատգամավոր Расим Мусабеков-ը։

Սկսենք նրանից, որ հաղորդավարը նշեց, որ «այդքան էլ չի հասկանում Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթները Արցախի հարցով», եւ պարոն Իգիթյանը այդպես էլ չկարողացավ բացատրել վարչապետի մոտեցումը Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման հարցում՝ մի քանի անգամ կրկնելով մանտրա դարձած «լուծումը պիտի ընդունելի լինի բոլոր կողմերի համար» նախադասությունը։ Ասեմ, որ ես болеть էի անում Իգիթյանին, որովհետեւ նա ներկայացնում էր իմ երկիրը, բայց ցավոք՝ սա դեռ միայն սկիզբն էր։

Հետո Իգիթյանը ասեց, որ էական չի քննարկվող փաստաթուղթը կլինի փուլային, թե փաթեթային. այն գործիք է արցախցիների անվտանգության ապահովման համար։ Հիշեցնեմ, որ փուլային լուծման տարբերակը հայկական կողմի համար միշտ անընդունելի է եղել։

Դրանից հետո հայկական կողմի ներկայացուցիչը ասում է, որ «2016 թվականի ռազմական գործողություններից հետո որպես այդպիսին բանակցություններ չեն եղել» եւ վկայակոչում Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովները, սակայն հենց այդ հանդիպումների ժամանակ են ընդունվել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողական մեխանիզմների եւ Կասպերշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնման հայտարարությունները։ Եվս մեկ անգամ արձանագրենք, որ ադրբեջանական կողմին հաջողվեց փաստացի չեղարկել այդ պայմանավորվածությունները եւ անցնել իրենց երազած “substantial negotiations” -ին («բուն» բանակցություններին՝ անտեսելով հրադադարի ռեժիմի խախտման մեղավորներին պարզելու մեխանիզմների կիրառումը):

Սվաղելու համար հայկական կողմի «մենք չենք բանակցում» զառանցանքը՝ պարոն Իգիթյանը օգտագործեց “детальные переговоры” եզրույթը եւ ասաց, որ այս պահին դրանք չկան։ Հետաքրքիր է, թե ի՞նչ նկատի ունի պարոն Իգիթյանը «մանրուք» ասելով։

Իգիթյանը որեւէ կերպ չի հակադարձում Մուսաբեկովի «600.000 ադրբեջանցի փախստականների» վտանգավոր ստին։

Հայազգի պատգամավորը բառ անգամ չի ասում Մուսաբեկովի մեջբերած «Չիրագովի հայցի» վերաբերյալ։ Տպավորություն է ձեւավորվում, որ Իգիթյանը չի տիրապետում կա՛մ հակափաստարկներին, կա՛մ առհասարակ այդ դատական հայցի պատմության մանրամասներին։

Երբ ադրբեջանցի պատգամավորը Մոնթեին անվանում է «մարդասպան եւ ահաբեկիչ» եւ զուգահեռներ տանում Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպայի հետ՝ Իգիթյանը պատասխանում է “я не знаю Вы сейчас о чем говорите” ու վերջ։ Դե իհարկե, այն քաղաքական թիմի ներկայացուցիչը, որի ֆեյքապետ-քարոզիչները Նիկոլ Փաշինյան-Մոնթե զուգահեռներ էին տանում, այսպես պիտի պաշտպանի մեր ազգային հերոսին։

Որեւէ կերպ չի հերքվում ադրբեջանցի պատգամավորի այն պնդումը, թե հայ-ադրբեջանական սահմանից իրենք հեռացրել են զորքերը եւ այնտեղ կան միայն սահմանապահ ուժեր։ Իգիթյանը չհարցրեց ադրբեջանցի պատգամավորին, թե այդ դեպքում ի՞նչ դիվերսիոն ներթափանցման փորձ էր տեղի ունեցել, օրինակ, այս տարվա մարտի վերջին։ Հիշեցնեմ, որ ադրբեջանցիների կրակից այդ օրերին վիրավորվել էր դպրոցահասակ երեխա։

Իգիթյանը եւս չհերքեց Լավրովի հայտարարությունները, որոնք հիշատակեց ադրբեջանցի պատգամավորը, չնայած որ այս տարվա ապրիլի վերջին իշխանական ընտանեկան ՀԺ-ին տված հարցազրույցում փրփուրը բերանին հերքումներ էր տալիս։ Արդեն չեմ էլ զարմանում, որ իմքայլական պատգամավորները ներքին լսարանին մի բան են հրամցնում, իսկ միջազգային հարթակներում՝տրամագծորեն այլ բան։ Այսպիսով փաստենք, որ փուլային լուծման փաստի մասին հայտարարել են/չեն հերքել երկու համանախագահ երկիր եւ ադրբեջանական կողմը։

Իգիթյանը բացարձակ անտեղյակ էր, որ 1994 թվականի կրակի դադարեցման փաստաթուղթը կնքվել է հեռահար եղանակով, եւ չկարողացավ փաստարկի իր պնդումը։ (Հայտնի եւ ուշագրավ պատմություն է, թե ինչպես է կնքվել հրադադարը)
Առհասարակ, ամբողջ հաղորդման ընթացքում պարոն Իգիթյանը հիմնականում խոսում էր խաղաղության եւ համակեցության նախապատրաստման հայտնի թեզի տրամաբանության մեջ։

Հավանաբար այս գրառմանս պարոն Իգիթյանը, չունենալով բովանդակային հակադարձման որեւէ տարբերակ, հղում կանի իր սիրելի թեմային, թե ինքը միջազգային հարաբերություններով զբաղվում է մոտ այնքան ժամանակ, որքան ես ապրում եմ (30 տարի), բայց իրական խնդիրն այն է, որ եթե այս իշխանությունները հանրային քննարկումների ժամանակ են իրենց այսպես պահում, ապա կարող ենք պատկերացնել, թե ինչ է կատարվում փակ դռների ետեւում։ Եթե սա է մեր խորհրդարանական դիվանագիտության «լավ կադր»-ը, ապա կարող ենք մոռանալ այս դիվանագիտական խողովակի արդյունավետության մասին։ Չնայած՝ զարմանալու բան չկա. Իգիթյանը ցույց տվեց մոտ նույն արդյունավետությունը, ինչ իր քաղաքական առաջնորդը «Մյունխենյան կիսաբաց լուսամուտներ» talk-show-ի ընթացքում։ Հասկացեք վերջապես, որ ձեր խայտառակվելը արդեն շուրջ երկու տարի մեր բոլորիս խայտառակվելն է ենթադրում։ Հաղորդման հղումը՝ մեկնաբանություններում։

ՀԳ
Օրերս, պարոն Իգիթյանը անդրադարձել էր իմ համեստ անձին։ Ես որոշել էի մանրամասն անդրադառնալ իրեն՝ նշելով, թե՛ իր «օտարահաճո» քվեարկությունները ԵԽԽՎ-ում, թե՛ տալով այն պատգամավորի անունը, ով ժամանակին իր համար միջնորդել էր, բայց կարծում եմ, որ հանրությանն ավելի հետաքրքիր կլինի այս գրառումը»,- գրել է Մամիջանյանը։