Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ դեռեւս նոյեմբերի սկզբին «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանն աշխատանքից ազատել էր «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանին: Համբարձումյանը նշել էր, որ Իգիթյանն արվեստանոցը փորձում է փայտամշակման արհեստանոց դարձնել, և ինքը չի պատրաստվում լքել արվեստանոցը:
Yerkir.am-ի հետ զրույցում Հրաչ Համբարձումյանը նշեց, որ 2014-ի տարեվերջին Իգիթյանը դիմել է դատարան, որպեսզի դատարանն արգելի իր մուտքն արվեստանոց: Սակայն Համբարձումյանը նույնպես դիմել է դատարան իր` աշխատանքից ազատման որոշումն անհիմն համարելու պահանջով, ինչպես նաև խնդրանքով` մինչև դատական գործընթացի ավարտը թույլատրել դասերը շարունակել: Օրեր առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Թբիլիսյանի խճ.) դատավորը երկու կողմին էլ կանչել էր լսումների:
«Ես հակընդդեմ հայցով դիմեցի դատարան, քանի որ աշակերտների շահերն էլ են ոտնահարվում այս ընթացքում: Իգիթյանի բերած փաստարկները, թե ինչու պետք է արվեստանոցը փակ մնա, խայտառակ բնույթ էին կրում, քանի որ նա ասում էր, թե այդ երեխաներն իմ ծանոթներն են, ոչ թե աշակերտները: Նա ասում էր, թե այդ երեխաներն աշխատանքներ չունեն: Այն, որ այս երեխաները երկար ժամանակ այդտեղ սովորել են, դրա ապացույցը ցուցահանդեսն է, որին մասնակցել են, և Իգիթյանն անձամբ իր ստորագրությամբ պատվոգրեր է շնորհել նրանց»,- ասաց Համբարձումյանը` հավելելով, թե զարմանալի է այն փաստը, որ եթե, ինչպես Իգիթյանն է նշում, այդ երեխաներն իմ ծանոթներն են, ինչո՞ւ այսքան ժամանակ, երբ նրանք վարձ էին վճարում, չէր խոսվում այդ մասին:
Ըստ Համբարձումյանի` Իգիթյանը դատարանին է ներկայացրել ուշագրավ մեկ այլ պատճառ, ըստ որի` արվեստանոցը պետք է փակ մնա, քանի որ պետության հետ տարածքի պայմանավորվածությունը հունիս-հուլիս ամիսներին սպառվում է, և հնարավոր է` պետությունն այդ տարածքը վերցնի իրենցից:
«Ստացվում է` այն մտավախությունը, որ ես ունեի, իզուր չէր, այսինքն` հասկանում եմ, որ իմ խնդիրը չի, ոչ էլ Իգիթյանի անձը, սա մի խաղ է, որի միջոցով փորձում են ինձ տարածքից հանել` նրանց տարածքն է պետք: Քանի որ ես եմ կռվում ու պայքարում, դրա համար էլ իմ անունը դուրս եկավ: Հետո գիտե՞ք ինչ կլինի` ենթադրում եմ, որ պետությունն այդ տարածքն աճուրդի կհանի, և ուղղակի կոպեկներով կառնեն այն ու սրճարան, փաբ կսարքեն»,- ասաց Համբարձումյանը:
Նա նշեց նաև, որ եթե ամեն ինչ այդպես լինի, ինքը կոչով հանդես կգա և կդիմի բոլոր նրանց, ովքեր սրտացավ են Երևանի համար` պայքարել, որ մշակութային տարածքը սրճարան չդառնա:
Նշենք, որ Համբարձումյանի` աշխատանքից անհիմն հեռացման հետ կապված դատական հայցի առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 1-ին:
Համբարձումյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկա օրերին պարզ կլինի` մինչև այդ դատական գործի ավարտը կթողնե՞ն իրեն շարունակել պարապել արվեստանոցում, թե՞ ոչ: «Հարցի հետ կապված` դատավորը պետք է որոշում կայացնի և մեզ նամակ ուղարկի: Կարծում եմ, որ շահելու ենք դատական գործը, քանի որ ես ճիշտ եմ, իմ պահանջը ճշմարտացի է և ինձ աշխատանքից հեռացնելու ոչ մի պատճառ հիմնավորված չէ ոչ մի կերպ»,- ասաց նա:
Խնդրի հետ կապված մանրամասները կներկայացնենք հետագայում եւս: