կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-21 11:20
Մշակույթ

Դատարանը մերժել է Իգիթյանի պահանջը

Դատարանը մերժել է Իգիթյանի պահանջը

Տեղեկացրել էինք, որ դեռևս նոյեմբերի սկզբին «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանն աշխատանքից ազատել էր «Կերպարվեստ» ստորաբաժանման ուսուցիչ Հրաչ Համբարձումյանին: Համբարձումյանը նշել էր, որ Իգիթյանն արվեստանոցը փորձում է փայտամշակման արհեստանոց դարձնել, և ինքը չի պատրաստվում լքել արվեստանոցը: 2014-ի տարեվերջին Իգիթյանը դիմել է դատարան, որպեսզի դատարանն արգելի Համբարձումյանի մուտքն արվեստանոց: Սակայն Համբարձումյանը նույնպես դիմել է դատարան իր` աշխատանքից ազատման որոշումն անհիմն ճանաչելու պահանջով, ինչպես նաև խնդրանքով` մինչև դատական գործընթացի ավարտը թույլատրել շարունակել դասերը: Օրեր առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Թբիլիսյան խճ.) դատավորը երկու կողմին էլ կանչել էր լսումների:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Հրաչ Համբարձումյանը նշեց, թե դատավորն ասել է, որ արվեստանոցը պետք է բացվի մինչև դատ լինելը:

 

«Ես հիմա սպասում եմ դատարանից պաշտոնական նամակին, որից հետո պետք է դիմեմ Հարկադիրին, նրանց ներկայացուցիչներից մեկի հետ պետք է գնանք արվեստանոց ու բացենք այն: Այդ օրը, երբ արվեստանոցը կբացվի, կհրավիրեմ ԶԼՄ ներկայացուցիչներին և կհայտարարեմ, որ այն մտավախությունը, որ ես ունեի, այն է` արվեստանոցն ուղղակի վերացնելը, կարծես պարզ ընդգծվում է, քանի որ ուրիշ կերպ չեմ կարողանում մեկնաբանել Իգիթյանի քայլերի ընթացքը: Ես կհայտարարեմ, որ բոլոր սրտացավ մարդիկ կարող են միանալ ինձ` միասին պայքարենք արվեստանոցը փրկելու համար»,- ասաց Համբարձումյանը:

 

Նա նշեց նաև, որ օրերս Հայաստան են ժամանել նաև իր եվրոպացի ընկերները, որոնք մշակույթի գործիչներ են /Գերմանիայից և Լեհաստանից/: Նրանք նույնպես պատրաստակամություն են հայտնել միանալ պայքարին` նշելով, որ պատրաստ են անգամ իրենց դեսպանատներին դիմում գրել, որ ինչ-որ կերպ արձագանքեն: