կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-24 15:33
Քաղաքական

Սերժ Սարգսյանին աղերսագրեր գրող գործիչներն ինձ համար անցյալի գաղջ հիշողություն են. Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանին աղերսագրեր գրող գործիչներն ինձ համար անցյալի գաղջ հիշողություն են. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-ում, երբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը եզրափակիչ ելույթով հանդես եկավ իր ներկայացրած նախագծի վերաբերյալ, որը կառավարման ճգնաժամի մասին է, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը որոշեց վարման կարգով ձայն տալ ԱԺ մյուս փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին, Նիկոլ Փաշինյանին ու Էդմոն Մարուքյանին:

 

Այդ կապակցությամբ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԱԺ փոխխոսնակը խախտում է ԱԺ կանոնակարգ-օրենքը, քանի որ իրավունք չկա վարման կարգով ձայն տրամադրել: Սակայն Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը նշեցին, որ կանոնակարգ-օրենքի խախտում չկա:

 

Նշենք, որ Լևոն Զուրաբյանն իր եզրափակիչ ելույթում խիստ քննադատության ենթարկեց Նիկոլ Փաշինյանին, ով երեկ, խոսելով փաստաթղթի մասին, ասել էր, որ Հայաստանին հարկավոր է ինստիտուցիոնալ ընդդիմություն, և որ շատ խնդիրների պատասխանատուն ոչ միայն իշխանությունն է, այլ նաև ընդդիմությունը:

 

Վարման կարգով ձայն խնդրելով` Նիկոլ Փաշինյանը նշեց. «Անցյալ ուրբաթ օրը իմ ներկայացրած նախագծի կապակցությամբ /Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին/ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո ՀՀԿ-ականները ծափահարեցին, և ես ենթադրում եմ, որ ՀԱԿ-ՀՀԿ միասնական դիրքորոշումը առաջացել է Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան խորհրդապահական խողովակներով շփման միջոցով, որի մասին Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է իր նամակում: Եվ, ընդհանրապես, ուզում եմ ասել, որ Սերժ Սարգսյանին աղերսագրեր գրող քաղաքական ուժերն ու գործիչները ինձ համար ընդամենը անցյալի գաղջ հիշողություն են, և դրանից ավելի ես ասելու բան չունեմ»: