Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի կունենա ՀՀ վարչապետի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «կողմերը նախատեսում են քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանը», ինչպես նաեւ «Հայաստանի կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումները»: Նշենք՝ այս միջոցառման մասին հայտարարվել էր դեռեւս անցյալ տարի՝ հոկտեմբերի 5-ին, իսպանական Գրանադայում, Նիկոլ Փաշինյանի եւ Ֆոն դեր Լյայենի հանդիպման արդյունքներով։ Այդ ժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավարը Հայաստանի վարչապետին պատմել է Եվրամիության եւ ԱՄՆ-ի համատեղ միջոցառման նախապատրաստման մասին, որն ուղղված կլինի Հայաստանին աջակցելուն։ Սակայն Երեւանն այդ պահին համապատասխան պայմաններ չուներ եվրոպամետ թրենդն այդքան բացահայտ մատնշելու համար։ Դրանք հիմա էլ այնքան էլ ակնհայտ չեն, թեեւ, ըստ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հայտարարության, Բրյուսելի եւ Երեւանի հարաբերությունները սկսել են «զարգանալ աննախադեպ ակտիվությամբ»։ Խոսքն առայժմ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության հայտնվելուն, վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններին, «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» Հայաստան մուտքի հասանելիությանը, ինչպես նաեւ եվրոպական շուկաներ հայկական արտադրանքի հասանելիության քննարկմանը: Բայց դա բավարար չէ «Ռուսաստանից պոկվելու» համար՝ հաշվի առնելով տնտեսության ոլորտում Ռուսաստանից Հայաստանի բարձր կախվածությունը։ Ինչ վերաբերում է անվտանգության խնդիրներին, ապա Երեւանը պատրաստվում է «ռուսական հովանոցը» փոխել արեւմտյանով։ Նա կարծում է՝ նման «փոխատեղումը» կարող է արգելափակել Ադրբեջանի հնարավոր աշխարհաքաղաքական նկրտումները։ Ուստի կայուն զգացողություն է ստեղծվում, որ այս փուլում Նիկոլ Փաշինյանը ձգտում է նախ՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա խնդիրները հասցնել Արեւմուտք-Արեւելք դիմակայության մակարդակի, եւ երկրորդ՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը մտցնել հակառուսական հիմքով Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ձեւաչափ՝ արեւմտյան երաշխիքներով։ Բացի այդ, Երեւանում կարծում են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնի ճանաչումից հետո վերացել են Բաքվի հետ խաղաղության հաստատման սկզբունքային բնույթի տարաձայնությունները, իսկ սահմանազատման հարցերը, որոնց պատճառով բարդություններ են ի հայտ գալիս, կարող են լուծվել նոր պայմաններում եւ նոր հիմքերով։
Ահա թե ինչու Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսելում կայանալիք հանդիպումը Բլինկենի եւ Ֆոն դեր Լյայենի հետ ընկալվում է որպես ազդանշան Մոսկվային, իսկ Բաքվին եւ Անկարային ցուցադրվում են «եվրոպական նկրտումներ»։ Այս համատեքստում կարելի է համաձայնել այն փորձագետների կարծիքին, ովքեր կարծում են՝ «Նիկոլ Փաշինյանն Անդրկովկասում կրկնում է Զելենսկու սցենարը՝ օգտագործելով այն նույն տեխնոլոգիաները, որոնք օգտագործել եւ օգտագործում է Կիեւը»։ Ընդ որում, կասկած չկա, որ հիմք է նախապատրաստվում ռուսական 102-րդ ռազմակայանի դուրսբերման եւ Հայաստանի՝ «հարմար պահին» ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումների ընդունման համար։ Ի դեպ, ըստ ամենայնի, այս հարցը Նիկոլ Փաշինյանը քննարկել է մարտի 23-ին Գյումրու տեխնոպարկում՝ ՔՊ կուսակցության ղեկավարության եւ մտերիմների հետ հինգժամյա փակ բանակցությունների ժամանակ։ Նկատենք՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Գյումրիում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից որպես սպառնալիք չի դիտարկվում։
Այժմ դրված է Արեւմուտքի հետ հարաբերություններում ռուսական, ադրբեջանական եւ թուրքական «խաղաքարտերով» խաղալու Նիկոլ Փաշինյանի ունակության հարցը՝ արտաքին քաղաքականության եւ ղարաբաղյան ուղղությամբ իր նախկին ձախողումները ծածկելու նպատակով։ Առայժմ փաստ է, որ արեւմտյան հարթակներում Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը Երեւանին ոչ մի արդյունք չի տվել։ Հիմա զոհասեղանին են նետվում ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ Արեւմուտքի կողմից ինչ-որ դիվիդենտների ակնկալիքով։ Դեռեւս դրանք սահմանված չեն նկատելի հստակությամբ: Նիկոլ Փաշինյանը միայն քննադատում է Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին, մինչդեռ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների դադարեցման մասին չի խոսվում։ Նույնիսկ ռազմական համագործակցությամբ Երեւանը դեռ չի անցնում «կարմիր գծերը», թեեւ մտադիր է Արեւմուտքին թանկ վաճառել Մոսկվայի հետ իր «ապահարզանը»։ Այն դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Արեւմուտքից չստանա ինչ-որ լուրջ տնտեսական եւ այլ օգնություն, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանն իր խնամքին վերցնելու համաձայնություն, ապա նա զերծ կմնա կոնկրետ հակառուսական քայլերից։ Մյուս կողմից, Բաքուն եւ Անկարան նույնպես հաշվարկում են Անդրկովկասում արեւմտյան մոդերացիայի ի հայտ գալու հնարավորություններն ու հեռանկարները՝ դա ընկալելով որպես արտաքին խաղացողների շրջանակի ընդլայնում՝ առանց տարածաշրջանային անվտանգության ապահովման պարտավորությունների, որպես Արեւմուտք-Արեւելք լայն դիմակայության մեջ ներքաշվելու սցենար՝ ուժերի առկա հավասարակշռության վերանայման միջոցով։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի համար արտաքին ուժերի շահերի դիմակայության էպիկենտրոնում հայտնվելու դիրքորոշումը հղի է հսկայական վտանգներով, քանի որ այն կարող է Ուկրաինայի պես դառնալ ընդամենն աշխարհաքաղաքական գործիքակազմ։ Եթե գործն այսպես շարունակվի, ապա Հայաստանից կարող է մնալ միայն «պատմական հիշողությունը»։
Տարասով
Թարգմ.՝ Գայանե Մանուկյանի