կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-27 13:38
Առանց Կատեգորիա

Մենք սիրում ենք «գաղջ»-ի մեջ ապրել

Մենք սիրում ենք «գաղջ»-ի մեջ ապրել

Հռոմի Ֆրանցիսկոս պապին սիրեցին Հայաստանում: Չկա մեկը, որ դրական խոսք չասի նրա մասին:

Պապի այցը դեռ երկար կհիշվի ու երկար կմեկնաբանվի մեզանում: Նրա մասին խոսում են տներում, տրանսպորտում, ամենուր: Նա գնացել է Հայաստանից, բայց նրա մասին դեռ խոսում ենք ու դեռ երկար ենք խոսելու:

Ասում են նաեւ, թե  Հռոմի պապը գնաց, իսկ մենք մնացինք նույն «գաղջի» մեջ: Բայց էլի չենք գիտակցում կամ չենք ցանկանում խոստովանել, որ խնդիրը մեր մեջ է: Մեզ ոչինչ ու ոչ ոք չի խանգարում լինել բարի, հոգատար, չչարանալ ամեն ինչից, ապրել, ուղղակի ապրել… Երբ Պապն այստեղ էր, մենք խոսում էինք բարության մասին, խոսում էինք Ֆրանցիսկոս պապի բարության ու եզակիության մասին, բոլորս էլ ասես փոխվել էինք, մի տեսակ ուրիշ էինք դարձել, այդ դեպքում` ինչո՞ւ այդպիսին չմնանք: Պապը եկավ, նրանից ոգեշնչված երեք օր մենք էլ դրական դարձանք, մենք էլ լավը դարձանք, հիմա, երբ գնացել է, ինչո՞ւ չմնանք այդպիսին:

Մենք կարող ենք լինել լավը, դա կախված չէ ո'չ Հռոմի Ֆրանցիսկոս պապից, ո'չ որևէ մեկ ուրիշից, դա բացառապես կախված է միմիայն մեզանից: Բայց այնպիսի տպավորություն է, որ մենք սիրում ենք այդ «գաղջը», այո, սիրում ենք, սիրում ենք մնալ դրա մեջ, ավելին` սիրում ենք այն պատճառով, որ բողոքենք դրանից:

Ինչ խոսք, Հռոմի պապի այցը շատ դրական ազդակներ հաղորդեց մեզ, անգամ` նրանք, ովքեր այդքան էլ ոգևորված չէին Պապի ժամանումից, այցի ընթացքում փոխեցին իրենց վերաբերմունքը: Մենք զարմանում էինք նրա հասարակ լինելուց, հասարակ կենցաղով ապրելուց, զարմանում էինք` այդ ինչպե՞ս է նման բան հնարավոր: Դե, ուրեմն եկեք փորձենք այդպիսին լինել, տեսնենք Հայաստանը Հռոմի պապի այցից առաջ ու Հռոմի պապի այցից հետո: Դուրս գանք «գաղջից»:

Դա հնարավոր է: Փորձե՞լ եք փողոցում անցորդներին պարզապես ժպտալ: Ժպտացե'ք, նրանք ձեզ ժպիտով կպատասխանեն: Կարող ենք տասնյակհազարավոր պատճառներ բերել, թե ինչու ենք մենք «գաղջի» մեջ, ու առաջին` մեր բերած պատճառը կլինի` իշխանություններն են մեղավոր, բայց եթե ամեն մեկս չստեղծի մեր «գաղջը», ամեն մեկս սկսի փոխել ու փոխվել, ամեն ինչ այլ կերպ կլինի: Ամեն ինչ մեզնից է կախված, ոչ թե Հռոմի պապից կամ մեկ ուրիշից:

Ամալյա Առաքելյան