կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 16:42
Քաղաքական

«Երբեմն քաղաքական գործիչներն ավելի վտանգավոր են, քան կորոնավիրուսը». Տուսկը՝ Նիկոլ Փաշինյանին

«Երբեմն քաղաքական գործիչներն ավելի վտանգավոր են, քան կորոնավիրուսը». Տուսկը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետը եւ տեսանյութ հրապարակել. հայտնում է Yerkir.am-ը:

Ի տարբերություն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման, երբ նա եւ Նիկոլ Փաշինյանը իրար ձեռք չսեղմեցին, Տուսկի հետ հանդիպումը մեկնարկեց ձեռքսեղմումով եւ հումորով:

Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե արդյո՞ք պետք է իրար ձեռք սեղմել: Տուսկն արձագանքեց, որ որեւէ խնդիր չկա, ապա հումորով հավելեց. «Երբեմն քաղաքական գործիչներն ավելի վտանգավոր են, քան վիրուսը»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետն այսօր մեկօրյա աշխատանքային այցով Բրյուսելում է:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 9-ի ժամը 09.03-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 110.041 դեպք, որից 3825-ը՝ մահվան, և 61.982-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: