Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում շարունակվում էր ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկումը: Ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով կանգ առավ Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման հարցի վրա:
Ըստ նրա՝ սպանությունը վաղեմության ժամկետ չունի, և Մարտի 1-ի բացահայտումը պետք է լինի հայաստանյան օրակարգում, քանի դեռ կազմակերպիչները եւ իրականացնողները պատիժ չեն ստացել, քանի դեռ հասարակությունը չի ստացել բազմաթիվ հարցերի պատասխաններ, եւ քանի դեռ զոհվածների իրավահաջորդներին չի վճարվել արդարացի փոխհատուցում:
«Տասը զոհերից երեքը` Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը եւ Գոռ Քլոյանը, սպանվել են «Չերյոմուխա-7» տեսակի զենքից արձակված կրակոցից: Նախաքննություն իրականացնող մարմինը հայտարարում է, որ երեք ոստիկաններ են այդ օրը օգտագործել այդ զենքը, հայտնի է նաեւ նրանց անունները, սակայն այդ ոստիկանները գոնե մեկ րոպե, գոնե մեկ ժամ ազատությունից չեն զրկվել»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Ըստ նրա՝ հիմնավորում են, թե այդ զենքերը նույնականացման չեն տրվում: Սա Փաշինյանն անտրամաբանական համարեց՝ հայտարարելով, թե այդ դեպքում բոլոր քիլլերներն այդ զենքերով իրենց գործը կանեին:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր քրեակատարողական հիմնարկներում բազմաթիվ ազատազրկվածներ կան, ովքեր կատարել են թեթեւ բնույթի հանցագործություններ: «Այսօր մենք կալանավայրերում ունենք հազարավոր մարդկանց, ովքեր թեթեւ հանցանքների մեջ են մեղադրվում եւ կալանավորվում են, իսկ քննիչը հայտարարում է, որ նրանք, մնալով ազատության մեջ, կխոչընդոտեն նախաքննության ընթացքին, ասենք՝ հարևանի հավերը գողացածին ազատության մեջ մնալը կխոչընդոտի, իսկ ՀՀ քաղաքացիների սպանություն իրականացրած անձանց ազատ մնալը չի խոչընդոտի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորի խոսքով՝ շատերին է ձեռնտու, որ այդ ոստիկանները մնան ազատության մեջ, որովհետեւ, հայտնվելով բանտում, նրանք կարող են պատմել բաներ, որոնք մի քանիսին ձեռնտու չեն՝ դրանից բխող հետեւանքներով:
«Վեց տարի այս գործի նախաքննությունն առաջ չի գնում, մինչդեռ՝ դեպքը տեղի է ունեցել հազարավոր ոստիկանների աչքի առաջ, ոչ շատ հեռու տարածքից, այսինքն՝ մարդկանց աչքի առաջ է տեղի ունեցել: Գործի շրջանակներում այդ ոստիկանները ցնդաբանություն են գրել քաղբանտարկյալների մասին, իսկ էն, ինչ տեղի է ունեցել իրենց աչքի առաջ, չեն տեսել, նրանք չեն տեսնում, ու սրանից հետո մեր ոստիկանությունը ուզում է, որ քաղաքացին հանցագործություն տեսնի ու գնա, դիմի ոստիկանությանը, որ բացահայտի: Թող բացահայտեն իրենց կատարած հանցագործությունը: Հայաստանի ոստիկանները ամենագողական ոստիկաններն են, իրանք գրող տղերք չեն: Ոստիկանության պետը սրան-նրան է ասում՝ պատգամավո՞ր եք, թե՞ գողական: Հիմա դուք գողական ե՞ք, թե՞ ոստիկան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: