Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում երեկ քննարկման դրվեց ՀՀ կառավարության ծրագիրը: 2013-2017 թթ. ծրագիրն առաջարկում է Հայաստանի մարդկային կապիտալի զարգացում, ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում և այլն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կառավարության ծրագրի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա` սա այն հազվագյուտ փաստաթղթերից է, որն անորոշություն է պարունակում, որն իր մշուշոտ և անորոշ ձևակերպումներով ապագա չունի: «Այս ծրագրն այդպես էլ չի բացահայտում մեր երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները: Ծրագրային դրույթները հավանաբար վերցվել են ՀՀ նախագահի ելույթից»,- ասաց նա և հավելեց, որ իրականում ծրագրի հեղինակներն այն խորքային չեն ուսումնասիրել:
«Մեր երկրում առնվազն 500 հազար աշխատատեղ ստեղծելու անհրաժեշտություն կա: Այս կառավարությունը համարվում է կեղեքող և թալանչի, այն մեր երկրի գաղջ մթնոլորտի առաջին սերմանողներից է»:,- հայտարարեց պատգամավորը:
Անդրադառնալով «Արմավիա»-ի սնանկացմանը, պատգամավորը նշեց, որ եթե երկիրը չունի ազգային փոխադրող, նրա անվտանգությունը տուժելու է:
Ըստ Մինասյանի` երկրի զարգացման հիմքում պետք է դրվի բազմակենտրոն մասնագիտական զարգացումը: «Ամենամեծ վատությունը որ իշխանություններ արել են մեր ժողովրդին, հույսի սպանումն է: Կարծես, բնությունն էլ է սկսել մեզ պատժել` կարկուտի, ցրտահարության տեսքով»,- ասաց նա և հավելեց. «Այս իշխանություններից չարժե բարեփոխում ակնկալել, քանի որ նրանց միակ խնդիրը վերարտադրվելն էր: Մեր իշխանությունն ամենաթույլիկ իշխանությունն է: Վարչապետի երեկվա խոսքը ցույց տվեց, որ Հայաստանում ընտրություններ չեն լինում, այլ ընդամենը միջոցառում են»: