կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-09 16:51
Քաղաքական

Անհնար է նման գաղջ մթնոլորտում աշխատելը. Արթուր Բաղդասարյանի` արդեն նախկին կուսակցի պարզաբանումը

Անհնար է նման գաղջ մթնոլորտում աշխատելը. Արթուր Բաղդասարյանի` արդեն նախկին կուսակցի պարզաբանումը

Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր անդամ, ՀՎԿ Երիտասարդական միության հիմնադիր նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ դուրս է գալիս ՀՎԿ-ից, քանի որ սխալվել է, երբ միամտորեն հավատացել է, թե մաս են կազմելու  ժողովրդական պահանջ ունեցող  ուժի եւ  գործընթացի։ Ըստ նրա` «Հայկական վերածնունդ»-ի եւ դրա առաջնորդի որեւէ խոսք այդպես էլ գործ չդարձավ, ու ակնհայտ է, որ երբևէ չի դառնալու։

«Այն կեղծ եւ գաղջ մթնոլորտը, որը տիրում է «Հայկական վերածնունդ»-ում, խաբեության եւ ստորաքարշության այն մթնոլորտը, ժողովրդին խաբելու եւ մոլորեցնելու էժանագին պոպուլիզմը այլեւս անհամատեղելի են դարձնում իմ եւ իմ թիմի ներկայությունը «Հայկական վերածնունդ»-ում»,- ասված է նրա հայտարարության մեջ:

Սրան հետևեց ՀՎԿ-ի պատասխանը, որում ասվում էր, որ Դավիթ Հարությունյանը ոչ թե հեռացել է, այլ նրան հեռացրել են ոչ պատշաճ վարքագծի համար:

Yerkir.am-ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց, որ ինքն ունի ապացույցներ, թե երբ է դիմում գրել կուսակցությունից հեռանալու մասին, այնպես որ` անհեթեթ  է ՀՎԿ հայտարարությունն այն մասին, թե իրեն կուսակցությունից հեռացրել են:

«Չգիտեմ ինչի մասին է խոսքը, երբ հայտարարել են, թե ոչ պատշաճ վարքագծի համար են հեռացրել: Հերյուրանքներ են տարածում»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ պատահեց` օրեր առաջ դիֆիրամբներ էր ձոնում ՀՎԿ-ին ու Արթուր Բաղդասարյանին իր ելույթներում, Հարությունյանը պատասխանեց. «Այո, իմ ելույթներն ուղղված էին այնտեղ տիրող գաղջ մթնոլորտը փոխելուն, ես ամեն կերպ փորձել եմ փոխել, բայց չի ստացվել: Իինձ համար անհնարին է նման գաղջ մթնոլորտում աշխատելը»:

Մեր զրուցակիցը չցանկացավ չակերտներ բացել` իր տարաձայնությունների հետ կապված` ասելով, որ ընդհանուր անցած ճանապարհը իրեն թույլ չի տալիս խոսել ճշմարտության մասին, կարևորը` կուսակցությունը հասկացել է ինչի մասին է խոսքը:

Հարցին` արդյո՞ք տարաձայնությունները կապված են եղել ընտրացուցակներում առաջնային տեղեր զբաղեցնելու հետ, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ տարաձայնությունները բացարձակապես ցուցակի հետ կապ չունեն, ավելին` ինքը ներկայացված է եղել համար մեկ ընտրատարածքում որպես վարկանիշային թեկնածու:

Նրա խոսքով` Արթուր Բաղդասարյանն է առաջարկել միավորվել` ներկայացնելով  երկիրը փրկելու և առաջ տանելու գաղափարներ, ինքն էլ որոշել է անդամակցել ու աշխատել այդ գաղափարները կյանքի կոչելու ուղղությամբ: Սակայն ականատես է եղել այն ամենին, ինչի  մասին, բարոյական նորմերից ելնելով, չի ցանկանում խոսել: