կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-12 12:05
Հասարակություն

Վարչապետը զայրացավ արդարադատության նախարարի վրա տողատակով խոսելու համար

Վարչապետը զայրացավ արդարադատության նախարարի վրա տողատակով խոսելու համար

Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով կարգավորվում է կառավարչի որակավորում ստանալու կարգը: Ըստ դրա` որակավորման համար կարող է դիմել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն, դիմելուց հետո պետք է հանձնի գրավոր քննություն, և եթե դրանից հետո հանձնաժողովի անդամների մոտ առաջանան բանավոր հարցեր, ապա քննություն հանձնողը պետք է պատասխանի նաև այդ հարցերին:

 

Վերջին դրույթի վերաբերյալ Հովիկ Աբրահամյանը դժգոհություն հայտնեց. «Փաստորեն, մենք բանավոր թեստե՞ր ենք ավելացնում»: Հովհաննես Մանուկյանը նշեց, որ  թեստերը, որոնք կատարվում են գրավոր, դրանց վերաբերյալ բանավոր հարցեր են տրվելու, եթե կարիք լինի: «Եթե որակավորման հանձնաժողովի մոտ թեստավորողի իմացության վերաբերյալ որոշակի հարցեր են առաջանում, այդ հարցադրումների հիման վրա ևս մեկ փուլ է նախատեսվում»,- պարզաբանեց նախարարը:

 

Վարչապետը զարմացավ. «Ո՞նց կլինի տենց: Ուղիղ ասեք, որ բանավոր պիտի լինի մասնակցությունը, ի՞նչ է նշանակում՝ եթե հարցեր առաջանան, դա սուբյեկտիվ է: Միանգամից առաջարկում եմ` գրեք ուղիղ, որ, գրավորից բացի, բանավոր հարցազրույց թող անցնեն: Ի՞նչ եք տողատակում, նպատակն ի՞նչ է»: Վարչապետը հանձնարարեց լրացուցիչ քննարկել այս հարցը: