կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-13 18:20
Առանց Կատեգորիա

«Մերկացումների» քրոնիկան, կամ տողատակով ինչ ասաց Սերժ Սարգսյանը

«Մերկացումների» քրոնիկան, կամ տողատակով ինչ ասաց Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին ներկայացրեց արդեն մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր տեսակետը, որը գործնականում արտահայտել էր դեռ երեկ քաղաքական ուժերի հետ հանդիպումների շարքով:

 

Հանձնաժողովի հետ քննարկումն իրականում միտված էր այդ դիրքորոշման պաշտոնականացմանը, որը Սերժ Սարգսյանը ձևակերպեց հետևյալ կերպ. «Ես քաղաքական հավանություն կտամ հայեցակարգին, որովհետև համոզված եմ, որ պարտավոր ենք օգտագործել մեր պետության համար դրական զարգացում ապահովող ցանկացած հնարավորություն»:

 

Փաստորեն, հանձնաժողովն անցնում է հայեցակարգից բխող փոփոխությունների նախագծի մշակման շատ ավելի բարդ փուլին: Չնայած այս կոնկրետացումներին՝ մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում նախագահի ելույթը մի քանի ակնառու և թաքնված ուղերձներ ու շեշտադրումներ էր պարունակում, որոնք հնարավոր չէ անտեսել:

 

1. Նախագահի խոսքից տպավորություն էր ստեղծվում, թե նա դեռ չի կողմնորոշվել գործող կիսանախագահական և հայեցակարգում, որպես այլընտրանքային տարբերակ առաջարկվող, խորհրդարանական համակարգի միջև: Նշելով, թե խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ` հանձնաժողովի փաստարկներն ու հիմնավորումները ծանրակշիռ են, նախագահը, այնուամենայնիվ, հարկ է համարում ընդգծել. «Ես դեռ ունեմ մտահոգություններ, որոնք կապված են կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ ձեր մասնագիտական մոտեցման հետ: Եթե ավելի կոնկրետ լինեմ, ես դեռևս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը, ինչն, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում»:

 

Իրականում սա ոչ թե մտահոգության արտահայտում է, այլ անուղղակի հրահանգ՝ խորհրդարանական համակարգի անցման համար հստակ ամրագրել այդ երկու կետերում իշխանության պատասխանատու օղակը: Ուշադրություն դարձնենք՝ թե' արտաքին ու ներքին անվտանգության, թե' կառավարման համակարգի կայունության ապահովումը գործող Սահմանադրությամբ նախագահի լիազորություններն են, որոնք ոչ միայն նրան իրական իշխանություն են տալիս, այլև Հայաստանը վերածում նախագահական երկրի: Եվ երբ Սերժ Սարգսյանն առաջարկում է նոր մշակվող Սահմանադրության մեջ լուծել այդ խնդիրը, իրականում առաջարկում է լուծել այն հարցը, թե ո՞ւմ է պատկանելու իշխանությունը պառլամենտական համակարգում` խորհդարանի՞ն, թե՞ կառավարությանը, այսինքն` վարչապետի՞ն, թե՞ ԱԺ նախագահին: Նրանցից ում վրա դրվեն այդ լիազորությունները, վերածվելու է իշխանության իրական կրողին: Հետաքրքրականն այն է, որ նախագահն ինքը հրապարակայնորեն հանձնաժողովին որևէ լուծում չի հուշում՝ հարցը միտումնավոր թողնելով առկախված և քաղաքական քննարկումների ենթակա:

 

2. Չնայած Սահմանադրական հանրաքվեն այս տարվա աշնանն անցկացնելու մասին` մամուլում հրապարակված տեղեկություններին՝ նախագահը փաստացի սահմանադրական փոփոխությունների վերջնական նախագիծը ներկայացնելու որևէ կոնկրետ վերջնաժամկետ չնշեց: «Վստահ եմ, որ մենք ամիսներ անց ունենալու ենք հստակ մոտեցումներով ու լուծումներով փաստաթուղթ»,-ասում է նա՝ առանց կոնկրետացնելու, թե քանի ամսվա մասին է խոսքը: Մինչդեռ նախկինում այս գործընթացի շրջանակում յուրաքանչյուր փուլի համար նա ժամկետներ էր սահմանում: Եվ սա ցույց է տալիս, որ կա'մ հանրաքվեի ժամկետների հարցում առնվազն վերջնական քաղաքական որոշում չկա, կա'մ այս հարցը առկախված է թողնվում մարտավարական նկատառումներով՝ քաղաքական ուժերի հետագա վարքագծով պայմանավորված:

 

3. Որքան էլ ուշացած, այնուամենայնիվ, նախագահը հրապարակային քննարկումների նոր դաշտ է ստեղծում՝ հնարավորինս մեծ թվով քաղաքական ուժերի դրան մասնակցելու անուղղակի հրավեր ուղարկելով: «Սահմանադրական փոփոխությունների տեքստը պատրաստելիս անհրաժեշտ եմ համարում նաև մշակել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ մասնագիտական քննարկումներն ապահովող արդյունավետ ձևաչափ»,- ասում է նախագահը:

 

Մեծ հաշվով, նախօրեին քաղաքական ուժերի հետ հանդիպումները, հայեցակարգն ընդունելու մասին դիրքորոշումն արտահայտելու առումով, նրա համար որևէ նշանակություն չունեին, որովհետև որոշումը նա արդեն ուներ: Բայց դա ժեստ էր՝ ոչ միայն նրանց տեսակենտերը հարգելու նշան տալու իմաստով, այլև գոնե այս հարցում քաղաքական ազնիվ կանոններով առաջնորդվելու հույս ներշնչելու: Դա այն է, ինչ կարող է ձևավորել նորմալ, քաղաքակիրթ քաղաքական մշակույթ: Մնում է, որ այս մոտեցումը ցուցաբերվի նաև քաղաքական այլ օրակարգերի, այլ խնդիրների լուծման համատեքստում և եզակի դրսևորում լինելուց վերածվի օրինաչափության:

 

4. Նախագահի ելույթի հիմնական, ենթատեքստային մասն առնչվում էր քաղաքական ուժերի հետ հարաբերություններին և, ըստ էության, մերկացնող նշանակություն ուներ: Այս բնույթի առաջին ու թերևս ամենակարևոր շեշտադրումն այն էր, որ հայեցակարգն առաջ մղելուն դեմ ուժեր գործնականում չկան, բացառությամբ, թերևս, ՀԱԿ-ի, որին նախագահը չի հանդիպել: «Իմ հանդիպումների ժամանակ քաղաքական որևէ ուժ առարկություն չի ունեցել հայեցակարգի հաստատման վերաբերյալ»,- շատ հստակ ասում է Սերժ Սարգսյանը՝ հասկացնելով, որ թե' ՕԵԿ-ը, թե' ԲՀԿ-ն, թե' «Ժառանգություն»-ը, որոնք մինչև վերջերս դեմ էին հանդես գալիս սահմանադրական փոփոխություններին, հիմա դրանց առնվազն դեմ չեն: Երկրորդ ակնարկն այն էր, որ այդ ուժերից շատերը ոչ միայն դեմ չեն, այլև պատրաստակամություն են հայտնել մասնակցել նախագծի մշակման բովանդակային քննարկումներին:

 

«Քաղաքական ուժերի հետ անցկացված կոնսուլտացիաները ցույց են տալիս, որ ... կան կառավարման խորհրդարանական համակարգին թե՛ կողմ, թե՛ դեմ արտահայտվողներ, կան նաև ուժեր, որոնք վերջնական կողմնորոշում ունենալու համար կարևորում են իրենց մասնակցությունն այս գործընթացին, և այսպիսի ուժերը շատ ավելի մեծաթիվ են»: Նախագահի ակնարկն ավելի քան հասկանալի է. բոլոր ուժերը այս նախաձեռնության մեջ ներգրավվելու համաձայնություն են տվել, և այս իմաստով ևս Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել:

 

Նման դիրքափոխությունն, իհարկե, բացատրելի է: Բոլորը հասկանում են, որ իշխանությունը նոր քաղաքական օրակարգ է ստեղծում, և առաջիկա զարգացումները տեղափոխվում են Սահմանադրության նախագծի մշակման և հանրաքվեի շրջանակ: Դրանից դուրս մնացողները ներկայիս վակուումային իրավիճակում դուրս են մնում առհասարակ քաղաքականությունից և փաստացի դառնում լուսանցքային:

 

Գևորգ Դարբինյան