կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-04 17:38
Հասարակություն

Ծեծկռտուքը եղել է մի քանի էպիզոդներով. նախարարը պատմեց Հայկազի դաժան սպանության մասին

Ծեծկռտուքը եղել է մի քանի էպիզոդներով. նախարարը պատմեց Հայկազի դաժան սպանության մասին

ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարց ուղղեց ռազմական ուսումնարանում սպանված կուրսանտի գործի վերաբերյալ: Նա նշեց, որ վերջերս Հայաստանի հանրության բարոյա-հոգեբանական մթնոլորտում ստեղծվել է բացասական վիճակ` տեղի են ունենում սարսափելի իրադարձություններ, մարդիկ սպանվում են իրենց տան մեջ, զինվորը սպանում է իր զինակցին: Պատգամավորը հարցրեց` արդյո՞ք ռազմական ուսումնարանում, որտեղ տեղի է ունեցել կուրսանտի սպանության դեպքը, կլինեն պաշտոնանկություներ:

 

Հարցին պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ ցավալի դեպքի մասին է խոսքը` ռազմական ուսումնարանում հայտնաբերվել է Հայկազ Բարսեղյանի դին` կախված վիճակում: Նախարարի խոսքով` փաստերը խեղաթյուրված են, իրականում տեղի է ունեցել սպանություն` մի քանի էպիզոդներով, հարուցվել է քրեական գործ, բացի այդ` անցկացվում է ծառայողական քննություն:

 

«Պարզվել է, որ միջանձնային հարաբերությունների խախտմանը նախորդել է ոգելից խմիչքների օգտագործում, այնուհետև` վիճաբանություն Հայկազ Բարսեղյանի ու ու այլ կուրսանտի միջև` հիգիենայի կանոնների պահպանման հետ կապված: Եղել է ծեծկռտուք: Քրեական գործը հարուցված է, կա չորս մեղադրյալ, որոնք ձերբակալված են: Մի քանի ստորաբաժանումների հրամանատարներ պատշաճ չեն վերահսկել իրավիճակը` որպես պատասխանատու, այսինքն` եղել են բացթողումներ»,- ասաց Սեյրան Օհանյանը:

 

Նա հավելեց, որ կադրային պաշտոնանկություններ կլինեն, ռազմական ուսումնարանի տնօրենն արդեն ներկայացրել է իր հրաժարականը ՀՀ նախագահին, ինստիտուտի պետն ազատվել է պաշտոնից: Պաշտպանության նախարարի հրամանով պաշտոնից ազատվելու են տնօրենի երեք տեղակալներ, բաժանմունքների պետեր, մի շարք այլ անձինք` մոտ 30 հոգի: