Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռազմական ինստիտուտի ուսանող Հայկազ Բարսեղյանը սպանվել է անկողնում: Այդ ննջասենյակում 7 հոգով են քնելիս եղել, և ապագա սպաները, ովքեր ականտես են եղել սպանությանը, չեն համարձակվել ծպտուն հանել: Եվ սա խոսում է այն մասին, որ ռազմական ինստիտուտում «նայողներն» անձեռնմխելի են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վանաձորի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Արթուր Սաքունցը:
Նա նշեց նաև, որ դեպքից հետո կատարված քայլերը՝ ինստիտուտի ղեկավարների մեծ մասի աշխատանքից հեռանալը, համարժեք պատասխանատվություն չի կարող համարվել:
Խնդրին անդրադարձավ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` նման դեպքերից հետո խորքային հետևություններ են արվում, քայլեր ձեռնարկվում, սակայն այս պահին շատ հարցեր մանրամասնել չի կարող, քանի որ գործով նախաքննություն է կատարվում:
«Ինչ վերաբերում է սպանությանը, այդ օրը ննջարանում քնողներից մեկը բացակա է եղել, և մյուսները հենց սպանության մեջ մեղադրվողներն են»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ չի եղել նկարագրվածի պես, թե մեկը փորձել է սպանություն կատարել, մյուսները վախից ծպտուն չեն հանել:
Նա նշեց նաև, որ սթափ նայելու դեպքում տեսնում ենք, որ այս 20 տարիների ընթացքում, թեև ռազմական ինստիտուտում ցավալի դեպքեր եղել են, սակայն այն զինված ուժերի ողնաշարն է, որի պատրաստած սպաները հենց առաջնագիծն են պահում, նույն ինստիտուտը Մարտական խաչի 2 ասպետ է տվել:
Ա. Հովհաննիսյանը հերքեց նաև այն, թե փորձ է արվել թաքցնել, որ սպանության մեջ մեղադրվողներից մեկը ինստիտուտի պետի տեղակալներից մեկի որդին է:
Ինչ վերաբերում է զինված ուժերին, ապա կարգապահական կանոնների խախտմամբ միջանձնային խնդիրների պատճառով մահվան ելքով դեպքերը նվազել են 60 տոկոսով: Սակայն, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, այս ցուցանիշը «դրոշակ չի դարձվում» և առիթ էլ չէ` հանգստանալու:
Մահվան ելքով դեպքերի նվազման մասին փաստեց նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը: Նրա ղեկավարած ՀԿ-ի կողմից հետազոտություն է կատարվել, որի համաձայն` 2009-ից մինչև 2013 թվականը էականորեն նվազել է կարգապահական տույժերի քանակը, սակայն մոտ 1.5 անգամ մեծացել են հարուցված քրեական գործերը, որոնք ուղարկվել են դատարան: Եվ, որպես դրա հետևանք, արձանագրվել է նաև, որ նվազել են բռնության կամ մահվան ելքով դեպքերը:
Դատախազության ներկայացուցիչ Արթուր Անտոնյանն էլ հորդրոեց Ա. Սաքունցին, ով ներգրավվել է Հայկազ Բարսեղյանի սպանության գործով` որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, բողոքարկել բոլոր գործողությունները, որոնք ապօրինի կլինեն: Իսկ ինչ վերաբերում է ղեկավար սպաներին ոչ համապատասխան պատիժ տալուն, Ա. Անտոնյանը հայտնեց, որ ոչ բոլոր դեպքերում են նրանք պատճառահետևանքային կապ ունենում կատարված հանցագործության հետ:
Ի պատասխան, Ա. Սաքւնցը մատնանշեց կոնկրետ օրինակներ, երբ սպա հրամանատարները խուսափել են պատասխանատվությունից, այնինչ՝ նրանց մեղավորությունն ակնհայտ է եղել: