կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-24 11:18
Հասարակություն

Զեղչային ճկուն համակարգ` հայհոյախառն ծեծկռտուքը հանդուրժելու համար

Զեղչային ճկուն համակարգ` հայհոյախառն ծեծկռտուքը հանդուրժելու համար

Երեկ երեկոյան խայտառակ միջադեպ է գրանցվել Երեւանում գործող ամենաթանկ եւ «պրեստիժ» համարվող հյուրանոցներից մեկում` Հանրապետության հրապարակից ոչ հեռու գտնվող` Ամիրյան փողոցում տեղեկայված «Նացիոնալ» հյուրանոցում:

 

Yerkir.am-ի հավաստի տեղեկություններով` հյուրանոցում հյուրընկալած արտասահմանցի գործարարի հանգիստը վերածվել է իսկական դժոխքի. գիշերը հյուրանոցում հայհոյախառն ծեծկռտուք է սկսվել, եւ երբ գործարարը հյուրանոցի պատասխանատուներին խնդրել է կարգի հրավիրել միջադեպի մասնակիցներին, ապահովել իր հանգիստը, գործարարի համար թերեւս սենսացիոն պատասխան է հնչել. «Կներեք, մենք ոչինչ անել չենք կարող, քանի որ նրանք նախարարների տղաներ են»:

 

Բայց սա էլ դեռ ամենը չէ. իրենցից բողոքելու համար նախարարների երես առած ժառանգները «պատասխան են պահանջել» արտասահմանցի հյուրից:

 

Մի կերպ գիշերը լուսացրած գործարարը առավոտյան հայտարարել է, որ հեռանում է եւ պահանջել է իր հաշիվը: Հյուրանոցի ղեկավարությունը ներողություն է խնդրել կատարվածի համար, իսկ, որպես բարոյական վնասի փոխհատուցում, 10 տոկոս զեղչ արել:

 

Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` հյուրանոցը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդունն է` Արգամինը, նա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է:

 

Yerkir.am-ն, իհարկե, կհրապարակի միջադեպի «հերոսների» անունները, նաեւ «հայկական հյուրասիրությանն» արժանացած արտասահմանցի գործարարի ով լինելը, բայց միայն նրա` Հայաստանի սահմանը հատելուց հետո, որ նրանից նախարարների տղաները «պատասխան չպահանջեն» իրենց հերոսական արարքները բացահայտելու համար...